Ռուսաստանը Եվրոպայում պատերազմ չի ցանկանում. Լավրով
Ռուսաստանը պատերազմ չի ցանկանում Եվրոպայում, բայց հենց արեւմտյան երկրներն են մշտապես հայտարարում, թե Մոսկվային «պետք է պարտության մատնել», ասել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը, տեղեկացրել է «ՌԻԱ Նովոստի»-ն։
«Եթե դուք մտահոգված եք Եվրոպայում պատերազմի հեռանկարով, մենք դա բնավ չենք ցանկանում, բայց ձեր ուշադրությունն եմ հրավիրում այ բանին, որ հենց Արեւմուտքն է մշտապես, համառորեն հայտարարում, որ այս իրավիճակում պետք է Ռուսաստանին պարտության մատնել։ Հետեւություններն ինքներդ արեք»,- ասել է նա Օմանի գործընկերոջ հետ բանակցություններն ամփոփելիս։
Նրա խոսքով՝ Մոսկվան հույս ունի, որ ռազմական գործողության ավարտը՝ դրա շրջանակում առաջադրված նպատակների իրականացմամբ, կնպաստի միջազգային իրավունքը խափանելու, ՄԱԿ Կանոնադրության սկզբունքները, ներառյալ պետությունների ինքնիշխան հավասարության սկզբունքը անտեսելու եւ կոպտորեն խախտելու Արեւմուտքի փորձերի դադարեցմանը, եւ կստիպի Արեւմուտքին դադարեցնել Միացյալ Նահանգների ու նրա դաշնակիցների գերիշխանությամբ, այսպես կոչված, միաբեւեռ աշխարհի գաղափարի առաջմղումը։
ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ «Եթե ավելի լայն խոսելու լինենք, քան հումանիտար այն դերն է, որը կարող էր խաղալ ՄԱԿ-ը, ապա, ցավոք սրտի, այդ կազմակերպության քարտուղարությունը, ներառյալ նրա գլխավոր քարտուղարը [Անտոնիու Գոււտերիշը], բաց է թողել քաղաքական կարգավորման հասնելու հնարավորությունը, երբ նրանք յոթ երկար տարիներ ոչ մի կերպ չարձագանքեցին Կիեւի ռեժիմի կողմից Անվտանգության խորհրդի 2 202 բանաձեւի բացահայտ, անթաքույց սաբոտաժին, այդ բանաձեւը հաստատում էր Ուկրաինայի արեւելքում հակամարտության կարգավորման մինսկյան պայմանավորվածությունները»,- ավելացրել է նա։
Ինչպես նշել է Լավրովը, Ռուսաստանը շահագրգռված է, որպեսզի բոլոր խաղաղ բնակիչները հեռանան Ուկրաինայում հատուկ գործողության իրականացման գոտուց։ «Մենք շարունակում ենք բացել հումանիտար միջանցքներ, դրանցով անցնում են մարդիկ, մենք շահագրգռված ենք, որպեսզի բոլոր քաղաքացիական անձինք հեռանան [ՌԴ հատուկ գործողության իրականացման] այդ գոտիներից»,- ասել է նա։