Ռուսաստանի դեմ նավթային պատժամիջոցների վերաբերյալ ԵՄ-ի առաջարկն անընդունելի է Հունգարիայի համար․ Սիյարտո
Ռուսաստանի դեմ նավթային պատժամիջոցների վերաբերյալ ԵՄ-ի առաջարկն անընդունելի է Հունգարիայի համար։ Այս մասին հայտարարել է Հունգարիայի արտաքին գործերի նախարար Պետեր Սիյարտոն։
Նա հիշեցրել է, որ Եվրահանձնաժողովը սեղանին է դրել ԵՄ անդամ երկրներին Ռուսաստանից նավթի ներկրումն արգելելու առաջարկը, եւ եթե այն ուժի մեջ մտնի, դա հսկայական վնաս կհասցնի Հունգարիային, քանի որ կկործանի երկրի էներգամատակարարման անվտանգությունը։ «Եթե այս առաջարկն ընդունվի, դա Հունգարիայի տնտեսության համար հավասարազոր կլինի ատոմային ռումբի, քանի որ դա կնշանակի վառելիքի գների 50-60 տոկոս բարձրացում եւ կազդի բոլոր ապրանքների գների վրա»,-ասել է Սիյարտոն։
Նրա խոսքով՝ Հունգարիան կարող է կողմ քվեարկել այս առաջարկին միայն այն դեպքում, եթե Բրյուսելը նույնպես լուծում առաջարկի։ «Մենք սպասում ենք առաջարկների ոչ միայն մեր նավթավերամշակման գործարանների վերակառուցման, ոչ միայն Խորվաթիայի տարածքով դեպի Հունգարիա նավթամուղի հզորությունը հարյուր միլիոնավոր դոլարներով ավելացնելու, այլ նաեւ Հունգարիայի տնտեսության ապագայի համար»,-ասել է Սիյարտոն։