Ցուցարարները Շրի Լանկայում այրել են 38 քաղաքական գործչի տները
Շրի Լանկայում ցուցարարներն այրել են 38 քաղաքական գործչի տները, քանի որ ճգնաժամից տուժած երկիրն ավելի շատ է մխրճվել քաոսի մեջ, իսկ կառավարությունը զորքերին հրամայել է «դիմահար կրակ բացել»։
Կղզեպետության ոստիկանությունը հայտարարել է, որ այրված տներից բացի, վնասվել է 75 տուն, քանի որ Շրի Լանկայի վրդովված բնակիչները շարունակում են անտեսել համազգային պարետային ժամը՝ ի նշան բողոքի, որն ուղղված է 1948-ից վեր երկրում ամենավատ տնտեսական ճգնաժամի հաղթահարման՝ կառավարության կիրառած միջոցների դեմ։
Պաշտպանության նախարարությունը երեքշաբթի հրամայել էր զորքերին կրակել բոլորի վրա, ովքեր վնաս կհասցնեն պետական սեփականությանը կամ կհարձակվեն պաշտոնատար անձանց վրա. երկուշաբթի բռնության զոհ էր դարձել ութ մարդ, չնայած պարզ չէ, թե արդյոք այդ բոլոր մահերն ուղղակիորեն կապված են եղել բողոքի ցույցերի հետ։ Անկարգությունների պատճառով տուժել է ավելի քան 200 մարդ։
22 մլն բնակչություն ունեցող երկիրը պայքարում է տնտեսական ճգնաժամի դեմ, առաջին անհրաժեշտության ապրանքների գները սրընթաց բարձրանում են, մի քանի շաբաթ նկատվել է էլեկտրաէներգիայի պակաս։ Մարտից հակակառավարական ցույցեր են փողոցներում, ցուցարարները պահանջում են կառավարության հրաժարականը։
Զինվորականները փրկել են երկրի վարչապետ Մահինդա Ռաջափակսին, որն արդեն հրաժարական է տվել։ Ցուցարարները երկու անգամ փորձել են գիշերը մտնել նրա մասնավոր «Temple Trees» նստավայր, ինչից հետո զինվորականներ են կանչվել, CNN-ին տեղեկացրել է անվտանգության բարձրաստիճան աղբյուրը։
Ցուցարարներին ցրելու համար գործի են դրվել զինված ուժերը, ոստիկանությունն արցունքաբեր գազ եւ ջրցան մեքենաներ է կիրառել։
Մինչեւ հինգշաբթի մտցվել է համազգային պարետային ժամ։ Բայց պարզ չէ, թե արդյոք բավական են պարետային ժամը եւ վարչապետի հրաժարականը անկայուն իրավիճակը շտկելու համար։
Շատ ցուցարարներ ասում են, որ իրենց վերջնական նպատակը նախագահ Գոտաբայ Ռաջափակսին՝ վարչապետի եղբորը ստիպելն է, որ հրաժարական տա։
Նախագահը կոչ է արել քաղաքացիներին «դադարեցնել բռնությունը եւ վրեժի գործողություններն ընդդեմ քաղաքացիների՝ անկախ քաղաքական պատկանելությունից»։ «Քաղաքական կայունության վերականգնման բոլոր ջանքերը կգործադրվեն սահմանադրական մանդատի շրջանակում»,- գրել է նախագահը Թվիթերում։
Եվրամիությունը դատապարտել է «խաղաղ ցուցարարների դեմ» վերջին դաժան հարձակումը եւ իշխանություններին կոչ է արել հետաքննություն անցկացնել։