ԱՄՆ-ի հետախուզության կարծիքով՝ Չինաստանն «աշխատում է ռազմական ճանապարհով Թայվանը զավթելու» ուղղությամբ
ԱՄՆ-ի հետախուզության կարծիքով՝ Չինաստանն ակտիվորեն զինված ուժեր է ստեղծում, որոնք «կկարողանան զավթել Թայվանը՝ անգամ չնայած ԱՄՆ-ի կողմից կղզուն ցուցաբերվելիք աջակցությանը»։
Թայվանին սպառնացող վտանգը մինչեւ 2030թ. կմնա «սուր», ասել է ազգային հետախուզության տնօրեն Ավրիլ Հեյնսը Սենատի կոմիտեում լսումների ժամանակ, տեղեկացրել է CNN-ը։
«Մենք կարծում ենք, որ (Չինաստանը) ջանադրաբար աշխատում է, որպեսզի իր զինված ուժերը կարողանան զավթել Թայվանը՝ չնայած մեր միջամտությանը»,- ասել է Հեյնսը՝ հրաժարվելով հրապարակայնորեն լրացուցիչ մանրամասներ ներկայացնել։
Բայց, ինչպես նախազգուշացրել են Հեյնսը եւ ԱՄՆ պաշտպանության նախարարության հետախուզական վարչության ղեկավար, գեներալ-լեյտենանտ Սքոտ Բերիերը, ԱՄՆ-ը դեռ չգիտի, թե ինչ դասեր կքաղի Չինաստանի նախագահ Սի Ծինփինը Ուկրաինայի պատերազմից։ Նրանց խոսքով, այդ ճգնաժամի իրադարձությունների ընկալումը Սի Ծինփինի եւ Չինաստանի Կոմունիստական կուսակցության կողմից կարող է ազդել Թայվանի հարցում նրանց մոտեցման եւ դրա ժամանակացույցի վրա։
Հեյնսը եւ Բերիերը նաեւ նշել են, որ ԱՄՆ-ը կարծում է, որ Չինաստանը կնախընտրեր խուսափել ռազմական հակամարտությունից Թայվանի պատճառով։
«Ես կարծում եմ, որ (Չինաստանը) կնախընտրեր ուժի չդիմել»,- ասել է Բերիերը։
Թայվանը նույնպես դասեր է քաղում ուկրաինական ճգնաժամից, որոնք կարող են օգնել նրան ավելի լավ պաշտպանվել Չինաստանից, ավելացրել է Բերիերը։
Շաբաթ օրը ԿՀՎ-ի տնօրեն Ուիլյամ Բեռնսը հայտարարել էր, որ հակամարտությունն Ուկրաինայում ազդել է Չինաստանի հաշվարկների, այն բանի վրա, թե երբ եւ ինչպես նա կփորձի վերահսկողության տակ վերցնել Թայվանը։
Շաբաթ օրը New York Times թերթը տեղեկացրել էր, որ Բայդենի վարչակազմը աննկատ Թայվամի կառավարությանը մղում է ամերիկյան արտադրության զենք պատվիրելուն, այնպիսի զինատեսակներ, որոնք ավելի հարմար կլինեն Չինաստանի ներխուժումից պաշտպանվելուն։
ԱՄՆ պետդեպարտամենտի ներկայացուցիչը երկուշաբթի հայտարարել էր, որ «Թայվանի ինքնապաշտպանության ուժեղացումը անհետաձգելի խնդիր է, եւ ամենալավ մոտեցումն այս հարցում ասիմետրիկ հնարավորությունների համար ներդրումներ կատարելն է»։
Ներկայացուցիչն ասել է, որ այս գնահատականը տրվել է Բայդենի վարչակազմի անդամների, «արժանահավատ շատ փորձագետների», ինչպես նաեւ «հենց Թայվանի» կողմից։