Ստամբուլում հայ կնոջ սպանության գործով կասկածյալը ընդամենը հանցագործության ականատե՞սն է
Թուրքիայում վերսկսվել է Սամաթիայի հայուհի Մարիցա Քյուչուքի սպանության գործով դատավարությունը: Ըստ թուրքական «Ռադիքալ» թերթի»' մեղադրյալի աթոռին նստած Մուրադ Նազարյանը դատարանում տված ցուցմունքում ասել է, որ ինքը չի իրագործել հանցագործությունը, սակայն 3 անհայտ անձանց կողմից տարվել է Մարիցա Քյուչուքի տուն և ականատես է եղել սպանությանը:Այս մասին գրում է ermenihaber-ը:
Մուրադ Նազարյանը, նշելով, որ չի կարողանում մտաբերել այդ 3 անձի արտաքինը, սակայն տեսնելու դեպքում կճանաչի նրանղ, ասել է.
«Ինձ ասացին «քեզ էլ, բարեկամներիդ էլ կսպանենք» ու բռնությամբ լուսահոգու տուն տարան: Հետո 3-ը մանգամից հարձակվեցին կնոջ վրա և սկսեցին դանակահարել նրան: Զենքեր էլ ունեին: Դանակի հենց առաջին հարվածից հետո ես փախուստի դիմեցի»:
Նազարյանը նշել է, որ հանցագործները դեպքի վայրում կտել են իր մատը և իր արյունը քսել այնտեղ գտնվող թղթերից մեկի վրա:
Մեղադրյալը պատմել է նաև, որ ոստիկանությունում նա հոգեբանական ճնշման է ենթարկվել. «Այս ամենը չէի պատմում, որովհետև վախենում էի: Սակայն այլևս այլ անելիք չունեմ: Այդ պատճառով էլ դեպքի իրողությունն եմ պատմում: Բանտում ինձ անվտանգ չեմ զգում: Չեմ կարողանում քնել: Հաբեր եմ օգտագործում»,-ասել է նա:
Մեղադրյալի ցուցմունքից հետո դատարանը, որոշում է կայացրել հանձնարարել դատաբժշկական խորհրդին' պատրաստել զեկույց մեղադրյալի հոգեկան առողջության վերաբերյալ
Հիշեցնենք, որ անցյալ տարեվերջին և 2013 թ-ի հունվարին Ստամբուլի Սամաթիա թաղամասում հարձակման էին ենթարկվել 4 տարեց հայ կանայք, որոնցից 84-ամյա Մարիցա Քյուչուքը դաժանորեն սպանվել էր սեփական տանը: