Բայդենը և Դրագին հայտարարել են, որ երկու երկրների միջև կապերն «ամրապնդվել» են ուկրաինական ճգնաժամից հետո
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը եւ Իտալիայի վարչապետ Մարիո Դրագին հայտարարել են, որ երկու երկրների միջեւ կապերն «ամրապնդվել» են ուկրաինական ճգնաժամի սրացումից հետո, տեղեկացրել է CNN-ը։
Սպիտակ տանը տեղի ունեցած հանդիպման ընթացքում Բայդենը շնորհակալություն է հայտնել Դրագիին «Պուտինի կոշտությանը» նրա արձագանքի համար։ «Ձեր համագործակցությունը, երբեմն նաեւ ավելի բարձր գինը Պուտինին դիմակայելու եւ այն բանի համար, ինչ տեղի է ունենում Ուկրաինայում, իսկապես անհավանական էին»,- ասել է Բայդենը վարչապետին։
«Մեր երկու երկրների միջեւ կապերը միշտ շատ ամուր են եղել, եւ եթե խոսում ենք դրա մասին, պատերազմն Ուկրաինայում դրանք ավելի է ամրացրել»,- ասել է Իտալիայի վարչապետը։ «Համաձայն եմ»,- պատասխանել է ԱՄՆ նախագահը։
«Եթե Պուտինը երբեւէ մտածել է, որ կարող է բաժանել մեզ, անհաջողության է մատնվել,- շարունակել է Դրագին։- Այստեղ ոչ մի կասկած չկա»։
Նրա խոսքով՝ ինքը եւ Բայդենը կքննարկեն «էներգետիկ անվտանգությունը» եւ «պարենային անվտանգությունը»։ «Այն, ինչ տեղի ունեցավ Ուկրաինայում, կհանգեցնի արմատական փոփոխությունների Եվրամիությունում»,- ասել է Իտալիայի վարչապետը։ «Մենք միշտ մտերիմ ենք եղել, հիմա մենք շատ ավելի մտերիմ ենք։ Ես գիտեմ, որ կարող եմ ձեր աջակցության հույսն ունենալ՝ որպես Եվրոպայի եւ Իտալիայի իսկական բարեկամի»։
Բայդենն ասել է, որ ուժեղ Եվրամիությունը բխում է «Միացյալ Նահանգների շահերից»։
«Իհարկե,- ավելացրել է նա,- տնտեսական տեսակետից դա մրցակցություն է, բայց դա լավ է։ Պուտինն իսկապես հավատում էր, որ կկարողանա բաժանել մեզ, եւ մենք բոլորս ակտիվացանք»։