Բայդենը կարող է իջեցնել չինական ներմուծման սակագները, որպեսզի օգնի ԱՄՆ-ում գների աճի վերահսկմանը
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ կարող է իջեցնել չինական ներմուծման սակագները, որպեսզի օգնի ԱՄՆ-ում սպառողական գների աճի վերահսկմանը, տեղեկացրել է CNBC-ն։
Սպիտակ տունը վերանայում է նախորդ նախագահ Դոնալդ Թրամփի օրոք մտցված կարգը, որը բարձրացրել էր ամեն ինչի գները՝ սկսած տակդիրներից մինչեւ հագուստն ու կահույքը, եւ կարող է լիովին չեղարկել այն, ասել է Բայդենը։ «Մենք նայում ենք, թե ինչն ավելի դրական ազդեցություն կունենա»,- ասել է Բայդենը՝ ավելացնելով, որ ներկայում քննարկվում է սակագները չեղարկելու հնարավորությունը։
Նախագահը կրկնել է, որ Covid-19-ը եւ ուկրաինական ճգնաժամը միասին հանգեցրել են այն բանին, որ գներն ԱՄՆ-ում բարձրացել են ամենաարագ տեմպերով՝ 1980-ից ի վեր։
«Ես ուզում եմ, որպեսզի յուրաքանչյուր ամերիկացի իմանա, որ ես շատ լուրջ եմ վերաբերվում գնաճին»,- ասել է Բայդենը։ «Գնաճի առաջին պատճառը համավարակն է, որը հարյուր տարին մեկ անգամ է լինում։ Դա կանգնեցրել է ոչ միայն մեր գլոբալ տնտեսությունը, այլեւ լիովին շարքից հանել է մատակարարումների շղթան եւ պահանջարկը։ Այս տարի մենք երկրորդ պատճառ էլ ունենք. Պուտինի պատերազմն Ուկրաինայում»,- ավելացրել է նա։
Նախագահը նշել է, որ պատերազմը հանգեցրել է նաեւ պայմանագրային գների աճի սննդամթերքի՝ հիմնականում ցորենի եւ եգիպտացորենի հարցում, այդ գները 2022թ. ավելացել են 40 եւ 30 տոկոսով համապատասխանաբար։
Տնտեսագետներն ասում են, որ համավարակի եւ Ուկրաինայում պատերազմի համադրությունն է մեղավոր անցած տարվա համեմատ 8,5 տոկոս գնաճի համար, ինչն ամենաբարձր ցուցանիշն է 1981-ից ի վեր։
Ուոլ-սթրիթը անհամբեր սպասում է ապրիլին գնաճի մասին աշխատանքի նախարարության հաշվետվությանը, որը պետք է հրապարակվի չորեքշաբթի։
Dow Jones-ի հարցմանը ենթարկված տնտեսագետներն սպասում են, որ հաշվետվությունը ցույց կտա 8,1 տոկոս գնաճ 12 ամսվա համար (ավարտվել է ապրիլին)։
Բայդենի մեկնաբանությունները հաշվետվությունից մեկ օր առաջ վարչակազմի վերջին փորձն են՝ համոզելու ամերիկյան հասարակությանը, որ Սպիտակ տունն ուսումնասիրում է գների աճի զսպման բոլոր հասանելի տարբերակները։ Տասնյակ հարցումները ցույց են տվել, որ ամերիկացիներն այժմ գնաճը համարում են ԱՄՆ-ի գլխավոր խնդիրը եւ սպառնալիք Covid-ի առաջացրած ռեցեսիայից հետո տնտեսության վերականգնման համար։