Մոուրինյուն դժգոհ է «Ֆիորենտինայի» հետ խաղի մրցավարությունից
«Ռոմայի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն Ա Սերիայի 36-րդ տուրի խաղում «Ֆիորենտինայից» կրած պարտությունից հետո դժգոհություն է հայտնել VAR-ի մրցավար Լուկա Բանտիի աշխատանքից, որի հուշումով է 11 մետրանոց նշանակվել:
«Մենք կրկնակի բացատրություն ունենք. ակնհայտ է, որ հինգշաբթի կայացած խաղից հետո մենք հաստատ ֆիզիկական ու մտավոր էներգիայի պակաս ունեինք մրցակցի համեմատ, որը մի ամբողջ շաբաթ ուներ պատրաստվելու։ Բայց ես ուզում եմ պարզաբանում լսել պարոն Բանտիից։ Ես արդեն տեսել եմ դրվագի կրկնությունը, սա հպում էր, ոչ թե խախտում:
Մրցավարը տեղում էր և 11 մետրանոց չնշանակեց, բայց պարոն Բանտին միջամտեց: «Ֆիորենտինան» ավելի ուժեղ էր նույնիսկ առանց 11 մետրանոցների. Նա խաղում էր այլ տեմպով և կենտրոնացվածությամբ, հետևաբար արժանի էր հաղթանակի: Խնդիրն այն է, որ խոսքը ոչ միայն այս երեք դրվագների մասին է, այլ բազմաթիվ իրավիճակների, որոնց բացատրությունը չունենք։
Ինչո՞ւ VAR-ը ազդանշան տվեց մրցավարին, ով 10 մետր հեռավորության վրա էր ու հստակ տեսավ, որ դա 11 մետրանոց չէր»,- Մոուրինյուի խոսքերն է մեջբերում DAZN-ը: