Բերման ենթարկելուց խեղդել են, հայհոյել․ ՄԻՊ-ը խախտումեր է արձանագրել
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի արագ արձագանքման խմբերն այսօր այցելել են Երևան քաղաքի թվով 4 ոստիկանության բաժիններ՝ խորհրդատվություն և իրավունքների իրացման աջակցություն ցուցաբերելով ավելի քան 64 անձանց։ Այցերի և իրականացված մշտադիտարկումների արդյունքում արձանագրվել են մի շարք խախտումներ։ Տեղեկությունը հայտնում է ՄԻՊ–ի մամուլի ծառայությունը։
«Բերման ենթարկված քաղաքացիների կողմից համատարած բարձրացված խնդիր է եղել բերման ենթարկելիս անձանց կոկորդին սեղմելու, խեղդելու միջոցով բերման ենթարկելու պրակտիկան։ Մեկ այլ դեպքում, ըստ վարչական ձերբակալման ենթարկված քաղաքացիների պնդման, անձին բերման ենթարկելիս ոստիկանության ծառայողները նրան ոչ թե նստեցրել են իրենց մեքենան, այլ նետել են մեքենայի մեջ, այնուհետև հայհոյել են»,– նշված է հաղորդագրության մեջ։
Մարդու իրավունքների պաշտպան Քրիստինե Գրիգորյանը համապատասխան գրություններ կուղարկի իրավասու մարմիններին նկարագրված դեպքերը քննության առարկա դարձնելու պահանջով։
Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանից բերման ենթարկված մի շարք քաղաքացիներ պնդել են, որ ոստիկանության ծառայողների կողմից փողոցի երթևեկելի մասն ազատելու պահանջը ներկայացնելուց հետո իրենց ժամանակ չի տրամադրվել ներկայացված պահանջը կատարելու համար, հատկապես այն պայմաններում, երբ իրենք խնդրել են 5 րոպե ժամանակ։
Ոստիկանության Երևան քաղաքի բաժիններից մեկում ՄԻՊ–ի արագ արձագանքման խմբերն արձանագրել են դեպք, երբ վարչական ձերբակալման ենթարկված անձին չեն գրանցել «Ոստիկանություն բերված անձանց հաշվառման մատյանում» այն հիմնավորմամբ, որ վերջիններս չեն ներկայացել և իրենց վերաբերյալ տվյալներ չեն ներկայացրել ոստիկանության ծառայողներին։
ԶԼՄ-ների հրապարակումների մշտադիտարկումների արդյունքում արձանագրվել է Գյումրի քաղաքում տեղի ունեցած բռնության միջադեպը, երբ 08.05.2022թ-ին դեպի Գյումրի ավտոերթի ակցիա իրականացնող մի քանի անձինք վեճի են բռնվում ճանապարհի մոտ գտնվող տաղավարում հավաքված տարեց անձանց հետ և ինտենսիվ հարվածներ հասցնում նրանց։ Ընդ որում` տեսանյութերի ուսումնասիրությունից հետևում է, որ ավտոերթի մասնակիցները թվաքանակով մի քանի անգամ գերազանցում էին այնտեղ գտնվող տարեց անձանց, որոնցից մեկն էլ ձեռնափայտով էր։
ԶԼՄ-ների հրապարակումների ուսումնասիրությունները վեր են հանել նաև հավաքները լուսաբանող լրագրողի նկատմամբ մասնագիտական գործունեությանը խոչընդոտելու դեպք ոստիկանության ծառայողի կողմից, ընդ որում` ոստիկանության ծառայողը պահանջել է չնկարել իր գործողությունները և հարվածել լրագրողի տեսախցիկին։
ՄԻՊ–ը հետամուտ է լինելու, որպեսզի բոլոր մեղավորները պատասխանատվության ենթարկվեն։