Անկարայում ապավինում են Ֆրանսիայի եւ Իտալիայի հետ ՀՕՊ համակարգերի արտադրության նախագծի իրականացմանը
Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը երեքշաբթի ասել է, որ առաջիկա օրերին դրական զարգացումներ է ակնկալում Ֆրանսիայի եւ Իտալիայի հետ SAMP-T հակաօդային պաշտպանության համակարգերի համատեղ արտադրության նախագծի իրականացման հարցում։
«SAMP-T հրթիռային նախագծի վերաբերյալ մեր նախագահը (Ռեջեփ Թայիփ Էրդողանը) զրուցել է Ֆրանսիայի նախագահ (Էմանուել Մակրոնի) եւ Իտալիայի վարչապետ (Մարիո Դրագիի) հետ։ Այս հարցը քննարկել ենք նաեւ մեր գործընկերների հետ։ Այժմ անհրաժեշտ է եռակողմ հանդիպում անցկացնել։ Մեր գնահատականներով՝ մոտ օրերս կարելի է դրական զարգացումներ ակնկալել»,- Habertürk հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է Թուրքիայի պաշտպանության նախարարը:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Թուրքիան բանակցություններ է վարում Ֆրանսիայի եւ Իտալիայի հետ SAMP-T հակաօդային պաշտպանության համակարգերի համատեղ արտադրության շուրջ։ Չէր բացառվում նախագիծը Թուրքիայում իրականացնելու հնարավորությունը։