Գիտնականները կապ են հայտնաբերել անտառային հրդեհների եւ վտանգավոր հիվանդությունների առաջացման վտանգի միջև
McGill University-ի նոր հետազոտությունը ցույց է տվել, որ թոքերի քաղցկեղի եւ գլխուղեղի ուռուցքների ավելի մեծ վտանգ է հայտնաբերվել անտառային հրդեհների ազդեցությանը ենթարկված մարդկանց մոտ:
Հետազոտությունը, որը հետեւել է ավելի քան 2 միլիոն կանադացու 20 տարվա ընթացքում, առաջինն է, որը պատասխանում է հարցին, թե ինչպես կարող է անտառային հրդեհներին մոտ լինելը ազդել քաղցկեղի ռիսկի վրա, գրում է News Medical Life Sciences-ը:
«Անտառային հրդեհները, որպես կանոն, տեղի են ունենում միեւնույն վայրերում ամեն տարի, բայց մենք շատ քիչ բան գիտենք առողջության վրա այդ իրադարձությունների երկարաժամկետ հետեւանքների մասին: Մեր հետազոտությունը ցույց է տալիս, որ անտառային հրդեհներին մոտ ապրելը կարող է մեծացնել քաղցկեղի որոշ տեսակների առաջացման վտանգը»,- ասում է ՄակԳիլ համալսարանի համաճարակաբանության, կենսավիճակագրության եւ մասնագիտական առողջության ամբիոնի դոցենտ Սքոթ Վայհենտալը:
The Lancet Planetary Health-ում հրապարակված հետազոտությունը ցույց է տալիս, որ մարդիկ, ովքեր վերջին 10 տարվա ընթացքում ապրում են անտառային հրդեհներից 50 կմ հեռավորության վրա, 10 տոկոսով ավելի բարձր են ուղեղի ուռուցքների եւ 4.9 տոկոսով ավելի հաճախակի են հիվանդանում թոքերի քաղցկեղով՝ ավելի հեռու ապրողների համեմատ:
Ըստ կանխատեսումների՝ ապագայում կլիմայի փոփոխության պատճառով անտառային հրդեհներն ավելի լայնածավալ, ինտենսիվ եւ տեւական կդառնան:
Օդի որակի վրա ազդեցությունից բացի, անտառային հրդեհներն աղտոտում են նաեւ ջուրը, հողը եւ փակ տարածքները: Թեեւ որոշ աղտոտիչներ վերադառնում են նորմալ մակարդակի հրդեհի դադարեցումից անմիջապես հետո, այլ քիմիական նյութեր կարող են երկար ժամանակ մնալ շրջակա միջավայրում, այդ թվում՝ ծանր մետաղները եւ ածխաջրածինները: