Զեյթունում իրավիճակը լարվեց. Ոստիկանները անակնկալ հարձակվեցին եւ սկսեցին ուժով բերման ենթարկել ցուցարարներին
Երեւանի Զեյթուն թաղամասում, «Երեւան Սիթիի» մոտ, «Դիմադրության» շարժման անհնազանդության երթի ժամանակ իրավիճակը լարվեց: Ցուցարարները ինչ-որ պահի նստեցին փողոցում եւ սկսեցին հայրենասիրական երգ երգել: Այդ պահին սեւ եւ կարմիր բերետավորները առանց զգուշացնելու հարձակվեցին ցուցարարների վրա եւ սկսեցին ուժով բերման ենթարկել նրանց:
Մեծ հրմշտոց սկսվեց, ոստիկանները պարզապես ցուցարարներին առեւանգում էին հոծ բազմության միջից:
Ցուցարարներն սկսեցին վանկարկել՝ «Նիկոլ դավաճան»:
ԱԺ փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանը հայտարարեց. «Ինչքան ձերբակալեն, 10 էդքան ավելանալու ենք»:
Այնուհետեւ իրավիճակը հանդարտվեց եւ ընդդիմադիրները շարունակեցին իրենց երթը Դավիթ Անհաղթի փողոցով:
Նշենք, որ նախօրեին ԱԺ փոխխոսնակ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը հայտարարեց, որ այսօր ժամը 12-ին, չորս ուղղությունով սկսելու են անհնազանդության երթեր և ակցիաներ։ Առաջին երթը կմեկնարկի Գայի պողոտայից՝ «Մեգամոլ» առևտրի կենտրոնի մոտից, երկրորդը Րաֆֆու փողոցից՝ Անդրանիկի արձանի մոտից, երրորդը՝ 15 թաղամասից՝ Չաուշի արձանի մոտից և չորրորդը՝ Սասունցի Դավթի արձանի մոտից։
Ժամը 19.00-ին Ֆրանսիայի հրապարակում տեղի կունենա ամփոփիչ հանրահավաք։
Ավելի վաղ հայտնել էինք, որ մայիսի 2-ից խաղաղ անհնազանդության ակցիաներ են սկսվել Երեւանում, ամեն օր փակվում են մի շարք փողոցներ: Մայիսի 2-ից Երևանի Ֆրանսիայի հրապարակում հանրահավաքներ են իրականացվում։