Յուն Սոկ Յոլը ստանձնել է Կորեայի Հանրապետության նախագահի պաշտոնը
Յուն Սոկ Յոլը երեքշաբթի օրը երդում է տվել եւ ստանձնել է Կորեայի Հանրապետության Նախագահի պաշտոնը։ Արարողությունը հեռարձակել է YTN-ը։
«Մեր սերնդի պարտքն է մի երկիր կառուցել, որը լիբերալ ժողովրդավարության սկզբունքներ եւ ծաղկող շուկայական տնտեսություն ունի, երկիր, որը կատարում է իր պարտավորությունները՝ որպես միջազգային հանրության հարգված անդամ, երկիր, որը պատկանում է իր ժողովրդին»,- ասել է Յուն Սոկ Յոլը երդմնակալության ժամանակ:
Նա նշել է, որ այսօր Հարավային Կորեան բազմաթիվ ճգնաժամերի է բախվում, այդ թվում՝ համավարակի, մատակարարման շղթայի խաթարումների, կլիմայական փոփոխության, արտերկրում զինված հակամարտությունների։ Նոր նախագահը նաեւ մատնանշել է էներգակիրների շուկայի վիճակն ու պարենային իրավիճակն աշխարհում, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Շատ երկրներում, այդ թվում՝ Կորեայի Հանրապետությունում, ռեկորդային ցածր տնտեսական աճ եւ աճող գործազրկություն է գրանցվել: Շատ հասարակություններում եկամուտների բեըեռացում կա»,- ասել է Յուն Սուկ Յոլը: Նրա խոսքով՝ այդ խնդիրները պետք է լուծեր «քաղաքական գործընթացը», սակայն դա տեղի չունեցավ «ժողովրդավարության ճգնաժամի» եւ հակաինտելեկտուալիզմի տարածման պատճառով։ Այդուհանդերձ, նախագահը վստահություն է հայտնել, որ իր երկիրը գլուխ կհանի առկա խնդիրներից։
Հարավային Կորեայում նախագահական ընտրությունները կայացել են մարտի 9-ին։ «Քաղաքացիական ուժի» թեկնածու Յուն Սոկ Յոլը հաղթել է ձայների 48.56 տոկոսով։ Նրա հիմնական մրցակից, իշխող «Տոբուրո» դեմոկրատական կուսակցությունից Լի Չժե Մյոնի օգտին քվեարկել է 47.83 տոկոսը։