Թքել են ավտոների մեջ, ձվերով խփել, ավտոներն են ջարդել. ՀՅԴ–ականը պատմում է Գյումրիի միջադեպի մասին
Գյումրիում տեղի է ունեցել միջադեպ, քանի որ այդ մարդիկ թքել են ՀՅԴ-ականների ավտոմեքենաների մեջ, ձվերով հարվածել են ավտոմեքենաներին ու հայհոյել։ Այս մասին այսօր՝ մայիսի 10-ին, ֆեյսուքյան լայվով պատմել է ՀՅԴ ԵՄ կենտրոնական վարչության նախագահ Գոռ Սարգսյանը՝ անդրադառնալով Գյումրիի Երեւանյան խճուղում կանգնած քաղաքացիների եւ «Դիմադրություն» շարժման մասնակիցների միջեւ տեղի ունեցած մայիսի 8-ի վիճաբանությանը։
Գոռ Սարգսյանը հայտնեց, որ հիմա իրենք ճանապարհին են, գնում են Գյումրիի Ոստիկանություն։
«Այդ ամեն ինչից հետո ընկեր Արծվիկը զանգել է Արգիշտի Քյարամյանին, ասել է, որ մենք գիտենք, որ մեր անունով սենց բան է շրջանառվում, մենք վաղը առավոտյան կներկայանանք Ոստիկանության բաժանմունք, կգանք եւ կասենք, որ իրականությունն այլ է։ Այս պահին մենք իմանում ենք, որ մեր տուն են գնացել, այսինքն՝ այդ ամեն ինչից հետո էլ ուզել են բերման ենթարկել ու շոու սարքել, եւ մեզ ներկայացնեն իբրեւ հանցագործներ»,- նշեց նա։
Ըստ Գոռ Սարգսյանի՝ միջադեպը կազմակերպված էր իշխանության կողմից. « Հոռոմի խաչմերուկից բռնած իբր թե գերիների ծնողներ էին, կազմակերպել էր օրվա իշխանությունները իր քարոզիչների միջոցով, անձամբ ճանաչում եմ, դրանից հետո այդ մարդիկ, որոնց մասնակցությամբ այդ միջադեպը եղավ։ Այդ մարդիկ թքել են ավտոների մեջ, ձվերով խփել են մեր ավտոներին, մեր ավտոներն են ջարդել ու հայհոյել են։ Մենք իջել ենք, մոտիկացել ենք, ասել են՝ ինչո՞ւ եք անում, չե՞ք ամաչում, տարիքով մարդ եք, բրդբրդոց է եղել, իրենց մոտից էլ ձվերն ուղղակի վերցրել, խփել ենք գետնին։ Դրանից հետո մոտեցել ենք հարեւաններին, ներողություն ենք խնդրել, որ իրենց բակում այդպիսի միջադեպ է եղել, այդ մարդիկ էլ ասել են, որ նրանց չեն ճանաչում, որ այդ բակից չեն, այդ մարդկանց բերել, կանգնեցրել են այդտեղ, որ այդ սադրանքը տեղի ունենա։ Civic.am-ի լրագրողն այնտեղ սպասելուց է եղել, ու ինքն է մեզ նկարել»։
Նշենք, որ դեպքի առթիվ ՀՀ ոստիկանության Շիրակի մարզային վարչության Գյումրի քաղաքի Կումայրիի բաժնում ՀՀ ՔՕ 258-րդ հոդվածի 4-րդ մասով (խուլիգանություն) հարուցվել է քրեական գործ։ Պարզվում են միջադեպի հանգամանքները։