ԱՄՆ-ում շնորհվել են Պուլիտցերյան մրցանակները
ԱՄՆ-ում հայտնի են դարձել Պուլիտցերյան մրցանակի՝ լրագրության ոլորտում ամենահեղինակավոր ամերիկյան մրցանակի դափնեկիրները, որը 1917 թվականից ամեն տարի շնորհվում է Կոլումբիայի համալսարանի կողմից։ Մրցանակները շնորհվում են 22 անվանակարգերում։
Պուլիցերյան մրցանակի ժյուրիի հատուկ պատվավոր մրցանակին արժանացել են ռուսական ներխուժումը լուսաբանող ուկրաինացի լրագրողները: Ուկրաինայում իրենց մասնագիտական պարտականությունները կատարելիս սպանվել է ԶԼՄ-ների 12 աշխատակից:
The New York Times-ը ստացել է լրատվամիջոցների շարքում ամենամեծ թվով մրցանակները (երեքը, այդ թվում՝ «Ազգային թեմայի բացահայտման համար» եւ «Միջազգային թեմայի բացահայտման համար» անվանակարգերում):
Ավանդաբար ամենահեղինակավոր անվանակարգը համարվում է «Հասարակությանը ծառայությունը» (շնորհվում է պատվավոր ոսկե մեդալ), որն այս տարի ստացել է Washington Post-ը՝ 2021 թվականի հունվարի 6-ին նախագահ Դոնալդ Թրամփի կողմնակիցների կողմից Կապիտոլիումի վրա հարձակման լուսաբանման համար։
«Լրատվական լուսանկարչության համար» մրցանակը ստացել է Getty Images-ը՝ հունվարի 6-ի իրադարձությունների լուսաբանման համար, եւ Մարկուս Յամը՝ Los Angeles Times-ից՝ Աֆղանստանից ամերիկյան զորքերի դուրսբերման լուսաբանման համար:
«Խաղարկային լուսանկարչության համար» մրցանակը շնորհվել է Reuters-ի լուսանկարիչներին՝ Հնդկաստանում COVID-19-ի համավարակի լուսաբանման համար: Դափնեկիրներից մեկը՝ Դանիշ Սիդդիքին, սպանվել էր Աֆղանստանում հուլիսին՝ խմբագրական առաջադրանքը կատարելիս։
«Սենսացիոն նյութի ներկայացման համար» անվանակարգում մրցանակը շնորհվել է The Miami Herald-ի լրագրողներին, ովքեր լուսաբանել են Champlain Towers-ի փլուզումը, իսկ լավագույն հետաքննության համար մրցանակը ստացել են Tampa Bay Times-ի լրագրողները, ովքեր պատմությունների շարք էին հրապարակել Ֆլորիդայի արդյունաբերական գործարաններից մեկում թունավոր թափոնների մասին: