Թաիլանդում ձերբակալել են անտառում բնակվող ինքնահռչակ պաշտամունքի առաջնորդին, որի հետևորդները երկրպագում էին դիերին
Թաիլանդի հյուսիս-արևելքում ոստիկանությունը ձերբակալել է անտառում բնակվող ինքնահռչակ պաշտամունքի առաջնորդին, որի հետևորդները երկրպագում էին դիակներին և օգտագործում էին մարմնական հեղուկները՝ որպես հիվանդությունը բուժող դեղեր, հայտնում է AP-ն:
Ոստիկանության սպաները զննել են 75-ամյա Տավի Նանրայի տունը, որը գտնվում է Չայաֆում նահանգի ջունգլիներում։ Աջակիցները բղավել և հրմշտել են ոստիկաններին, երբ մորուքավոր, ճերմակահեր, առանց վերնաշապիկի տղամարդուն տարել են դեպի ոստիկանական մեքենան:
Ոստիկանությունը հայտնել է, որ շենքում հայտնաբերվել է 11 դի, տեղական լրատվամիջոցները հայտնում են, որ դրանք նրա հետեւորդների դիերն են եղել:
Կրայսորն Կոնգչալադի նահանգապետն ասել է, որ առնվազն մեկ տասնյակ հետեւորդներ են ապրում Տավիի հետ։ Դիակներով դագաղները ցրված են եղել ամբողջ տանը։ Հաղորդվում է, որ պաշտամունքի հետեւորդները հայտնել են իշխանություններին, որ առաջնորդի մեզը եւ խորխը հիվանդությունները բուժելու դեղ են համարվել:
Թաիլանդի բնակիչները ճնշող մեծամասնությամբ բուդդայականներ են, բայց շատերը հետեւում են կրոնից դուրս հավատքների, ինչպիսիք են տեղական ոգիների պաշտամունքը և ուրվականներից վախը:
Իշխանությունները կարծում են, որ խումբը գոյություն է ունեցել ավելի քան չորս տարի, եւ ոչ ոք դա չի նկատել, քանի որ առաջնորդի տունը գտնվում էր հեռավոր անտառային տարածքում՝ հեռու մյուս համայնքներից:
Բայց նրանք բացահայտվել են այն բանից հետո, երբ հետեւորդներից մեկի դուստրը բողոքել է սոցիալական ցանցերում հայտնի մի մարդու, որը մասնագիտացած է անբարեխիղճ կրոնական գործիչների բացահայտման մեջ:
Տավիին ի սկզբանե մեղադրանք էր առաջադրվել անտառային տարածք ներխուժելու համար՝ նրա տունը գտնվում էր պետական հողի վրա, և ապօրինի հավաքույթների մեջ, որոնք արգելված էին հիվանդությունների դեմ պայքարի օրենքներով, որոնք կիրառվել են վերջին երկու տարիներին կորոնավիրուսի դեմ պայքարելու համար:
Ոստիկանությունն ասում է, որ հետաքննում է այլ մեղադրանքներ, այդ թվում՝ դիակների ապօրինի հուղարկավորումը: