44-օրյա պատերազմի զոհերի ծնողները հարցաքննության են հրավիրվել. ինչ են ասել Փաշինյանի մասին. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ մայիսի 12-ին ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ վարչություն հարցաքննության են հրավիրվել 44-օրյա պատերազմի զոհերի 12 ծնողներ, որոնք պահանջում են վարչապետ Նիկոլ Փաշինյանին հարցաքննության հրավիրել, պատասխանատվության կանչել եւ մեղադրանք առաջադրել իրենց երեխաների մահվան համար:
Ինչպես հայտնի է, պատերազմում զոհված զինծառայողների ծնողները մոտ մեկ ամիս առաջ Գլխավոր դատախազություն հաղորդում էին ներկայացրել Նիկոլ Փաշինյանի դեմ՝ ասելով, որ նա է սպանել իրենց որդիներին: Ավելի ուշ հայտնի դարձավ, որ ծնողների ներկայացրած գործը ուղարկվել է Հակակոռուպցիոն կոմիտե, որտեղից էլ ծնողների դիմումը կցվել է Հակակոռուպցիոն կոմիտեում շուրջ 2 տարի քննվող ԶՈՒ գլխավոր շտաբի նախկին պետ Մովսես Հակոբյանի հայտարարությունների առիթով հարուցված քրեական գործին:
Տպավորությունն այնպիսին էր, որ այսքանով իրավիճակին լուծում կտրվի, սակայն Հակակոռոպցիոն կոմիտեն որեւէ կերպ գործին ընթացք չտվեց եւ, դեռ ավելին, զինվորների ծնողներին տուժող չճանաչեց: Ասել է թե՝ կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանը մատը մատին չտվեց կամ չհամարձակվեց ո՛չ Փաշինյանին հարցաքննել, ո՛չ էլ զոհվածների ծնողներին տուժող ճանաչել:
Արդյունքում քրեական գործը Գլխավոր դատախազը վերցրեց Հակակոռուպցիոն կոմիտեի վարույթից եւ ուղարկեց ՀՀ քննչական կոմիտե: Եվ, ահա, «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ Քննչական կոմիտեն տուժող ճանաչված ծնողներին կանչել է հարցաքննության: Մայիսի 12 -ին 12 ծնող եւս կներկայանա հարցաքննության: Ի դեպ, ծնողները նախաքննական մարմնին դիմում են ներկայացրել հարցաքննության հրավիրել նաեւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Մեզ մնում է սպասել զարգացումներին՝ հասկանալու համար՝ ի վերջո ՀՀ քննչական կոմիտեն կոնկրետ քայլեր կանի, թե Հակակոռուպցիոն կոմիտեի նման մի երկու տարի էլ գործը կքնեցնի»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: