ԵՄ-ն հրաժարվել է նավերին ռուսական նավթի փոխադրումն արգելելու պլաններից. Bloomberg
Եվրամիությունն արդեն մեղմացրել է Ռուսաստանի էներգետիկ ոլորտի դեմ առաջարկվող պատժամիջոցների իր վերջին փաթեթը: ԵՄ-ն հրաժարվել է ԵՄ պատկանող նավերին տարածաշրջանից դուրս երկրներ ռուսական նավթ տեղափոխումն արգելելու պլաններից, հայտնում է Bloomberg-ը:
Անցյալ շաբաթ ԵՄ-ն առաջարկել էր էմբարգո սահմանել ռուսական նավթի ներկրման վրա։ Որոշ երկրներ՝ Հունգարիան եւ Սլովակիան, բացառություններ են ստացել: Բացի այդ, նախագիծը ենթադրում էր, որ ԵՄ-ն նաեւ կսահմանափակի ռուսական նավթի արտահանումն աշխարհի ցանկացած կետ՝ արգելելով որեւէ մեկին այդպիսի բեռներ բեռնել, փոխադրել, ապահովագրել կամ ֆինանսավորել:
Հանգստյան օրերին տեղի ունեցած բանակցություններից եւ Հունաստանի կողմից բուռն դիմադրությունից հետո, որն ավելի շատ ռուսական նավթ է մատակարարում, քան ԵՄ ցանկացած այլ երկիր, եվրոպացի օրենսդիրները մեղմեցին իրենց մոտեցումը, հայտնում է Bloomberg-ը: Նրանք չեղարկեցին նավթի փոխադրման նախատեսված արգելքը, սակայն պահպանեցին առաջարկվող սահմանափակումներն ապահովագրողների համար:
Brent նավթի ֆյուչերսների գինը երկուշաբթի շարունակում է ընկնել՝ մեկ օրում 2.3 տոկոսով՝ մինչեւ մոտ 109.84 դոլար բարելի դիմաց: Մինչդեռ WTI-ի ֆյուչերսների գինն ընկել է 2.5 տոկոսով՝ բարելի դիմաց մինչեւ 107.03 դոլար:
Արգելքն ապահովագրությամբ սահմանափակելը կշարունակի մեծ խոչընդոտ լինել ռուսական նավթ արտահանողների համար: Ծածկույթն ընդգրկում է ամեն ինչ՝ վատ եղանակային պայմանների պատճառով ուշացումներից մինչեւ նավթի պոտենցիալ մահացու արտահոսք եւ այլ բնապահպանական եւ մարդկային վտանգներ: ԵՄ-ի ցանկացած սահմանափակում, ամենայն հավանականությամբ, լրջորեն կսահմանափակի մատակարարների թիվը, ովքեր պատրաստվում են ակտիվանալ եւ ապահովագրություն առաջարկել: