Մակրոնն առաջարկել է ժողովրդավարական պետությունների լայն քաղաքական համայնք ստեղծել ԵՄ-ի շուրջ
Տասնամյակներ կպահանջվեն, որպեսզի Ուկրաինայի նման թեկնածուն անդամակցի ԵՄ-ին: Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը՝ առաջարկելով ԵՄ-ի շուրջ ժողովրդավարական պետությունների ավելի լայն քաղաքական համայնք ստեղծել, փոխանցում է France 24-ը։
«Նույնիսկ եթե մենք վաղը նրանց (Ուկրաինայի) թեկնածուի կարգավիճակ տանք, մենք բոլորս քաջ գիտակցում ենք, որ նրանց միանալու հնարավորություն տալու գործընթացը մի քանի տարի կտեւի, իսկ իրականում՝ մի քանի տասնամյակ»:
Նշելով Ուկրաինային եւ մյուս հավակնորդներին, ինչպիսիք են Մոլդովան եւ Վրաստանը, Եվրոպայի կենտրոնում տեղ տալու անհրաժեշտությունը՝ նա կոչ է արել «եվրոպական քաղաքական համայնք» ստեղծել:
Մակրոնը նշել է, որ դաշինքը, «հաշվի առնելով իր ինտեգրման մակարդակը եւ հավակնությունները», չի կարող Եվրոպայի միակ կազմակերպիչ մարմինը լինել:
Մակրոնն առաջարկել է զուգահեռ կառույց ստեղծել, որը կարող էր դուր գալ դաշինքին միանալ ձգտող երկրներին կամ միությունից դուրս եկած երկրներին՝ նկատի ունենալով Մեծ Բրիտանիային:
«Մեր պատմական պարտքն է ստեղծել այն, ինչը ես եվրոպական քաղաքական համայնք կանվանեի,- ասել է նա:- Այդ նոր եվրոպական կազմակերպությունը հնարավորություն կտա եվրոպական ժողովրդավարական ժողովուրդներին… նոր տարածք գտնել քաղաքական համագործակցության, անվտանգության, էներգետիկայի, տրանսպորտի, ներդրումների, ենթակառուցվածքների, մարդկանց տեղաշարժի ոլորտներում»: