Զոհված զինծառայողների հարազատների երթը դեպի «Եռաբլուր»
Զոհված զինծառայողների հարազատները երթ են կազմակերպել դեպի «Եռաբլուր» զինվորական պանթեոն:
Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների հարազատները, որոնք երթով ուղեւորվել էին դեպի «Եռաբլուր» զինվորական պանթեոն, հասել են այնտեղ: Երթին միացել են բազմաթիվ քաղաքացիներ։ Մասնակիցներն իրենց ձեռքում ունեն զոհվածների լուսանկարները, Հայաստանի ու Արցախի դրոշներ։
Զոհվածների մայրերը, քույրերը հագել են իրենց որդիների, եղբայների լուսանկարներով սև շապիկներ։
«Սա ավանդական երթ է դառնում։ Անցած տարի էլ Շուշշի ազատագրման օրը մենք երթ էինք կազմակերպել Եռաբլուր՝ ի ոգեկոչում, ի միասնություն, ի սթափություն»,-նշել են կազմակերպիչները:
Մշակութաբան, պարագետ, պարահավաք, «Կարին» ավանդական երգի-պարի խմբի հիմնադիր և գեղարվեստական ղեկավար Գագիկ Գինոսյանն ասաց՝ ուղիղ 30 տարի առաջ հայի բազուկն ապացուցեց իր հաղթական լինելը. «Թեկուզ երկու տարի է՝ ինչ խամրեցրել են մեր հաղթանակը, բայց վստահ կարող ենք ասել, որ մենք հավերժ նշելու ենք Շուշիի ազատագրումը։ Նոր ազատագրումը լինելու է այդ ազատագրման վերակնքումը։ Շուշին հային է, և ինչպես կասեր Գարեգին Նժդեհը, մի ազգի հարենիքը չի կարող դառնալ մյուսի մշտական բնակավայր։ Հողը համբերատար սպասում է իր տերերին, եթե իհարկե տերը չի կորցրել այն տիրելու ցանկությունը։ Մենք այստեղ ենք, քանի որ այստեղ անմահներն են։ Իսկ անմահները հրամայում են չենթարկվել խաղաղության կոչերին, չհավատալ թուրքի հետ խաղաղությանը։ Խաղաղություն կարող է լինել միայն Նժդեհի բանձևով, ներել եք ուզում թուրքին, հաղթեք նախ»,-ասաց Գինոսյանը։
«Եռաբլուր» զինվորական պանթեոնում տեղի է ունեցել ոգեկոչման երեկո։
Ավելի վաղ հայտնել էինք, որ մայիսի 2-ից խաղաղ անհնազանդության ակցիաներ են սկսվել Երեւանում, ամեն օր փակվում են մի շարք փողոցներ: Մայիսի 2-ից Երևանի Ֆրանսիայի հրապարակում հանրահավաքներ են իրականացվում։ Բացառություն է եղել միայն կիրակի օրը: Ֆրանսիայի հրապարակում վրաններ են տեղադրված արդեն մեկ շաբաթ: