Մեդինսկին հայտարարել է, որ Ուկրաինայի հետ բանակցությունները շարունակվում են
Ուկրաինայի հետ բանակցություններում ռուսական պատվիրակության ղեկավար, ՌԴ նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկին հայտարարել է, որ Մոսկվայի եւ Կիեւի միջեւ բանակցային գործընթացը շարունակվում է եւ ընթանում է հեռավար ձեւաչափով, փոխանցում է «Ինտերֆաքս»-ը։
Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ տեղեկատվության եւ մամուլի դեպարտամենտի փոխտնօրեն Ալեքսեյ Զայցեւը հայտարարել էր, որ «ռուս-ուկրաինական բանակցությունները գտնվում են լճացման վիճակում»։ Նրա խոսքով՝ ՆԱՏՕ-ի երկրներն ամեն ինչ անում են ռազմական գործողությունները շարունակելու համար, թեեւ հրապարակայնորեն կոչ են անում դադարեցնել կոնֆլիկտը:
Ռուս դիվանագետը նաեւ մեղադրել է ուկրաինացի քաղաքական գործիչներին Մոսկվայի հետ բանակցելու դժկամության մեջ եւ նշել, որ այդպիսի գործողություններն ապացուցում են Ուկրաինայի ապառազմականացմանը հասնելու կարեւորությունը։
Ռուսաստանի Դաշնության եւ Ուկրաինայի ներկայացուցիչների դեմ առ դեմ բանակցությունների վերջին փուլը կայացել էր մարտի վերջին Ստամբուլում։ Այդ խորհրդակցությունների ընթացքում Կիեւը, մասնավորապես, առաջարկել էր նոր համաձայնագիր կնքել, որում Ուկրաինայի անվտանգության երաշխավորները կդառնան Մեծ Բրիտանիան, Չինաստանը, ԱՄՆ-ն, Թուրքիան, Ֆրանսիան, Կանադան, Իտալիան, Լեհաստանը եւ Իսրայելը։