Բորելն առաջարկել է ռուսական սառեցված պահուստները փոխանցել Ուկրաինային
Եվրադիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը Financial Times թերթին ասել է, որ Եվրամիությունը պետք է վերանայի Ռուսաստանի սառեցված արժութային պահուստների առգրավման հարցը, որպեսզի օգնի վճարել Ուկրաինայի վերականգնման ծախսերը հատուկ գործողության ավարտից հետո։
Բորելը նշել է, որ ԱՄՆ-ը վերահսկողության տակ է վերցրել Աֆղանստանի կենտրոնական բանկին պատկանող միլիարդավոր դոլարների ակտիվներ՝ աֆղանստանցիներին օգնելու համար։ Նրա կարծիքով՝ տրամաբանական կլիներ նման միջոցներ քննարկել նաեւ Ռուսաստանի պահուստների հետ կապված։
Եվրապաշտոնյան «շատ կողմ է սրան, որովհետեւ դա լի է տրամաբանությամբ»։
«Մենք փող ունենք մեր գրպաններում, եւ ինչ-որ մեկը պետք է բացատրի ինձ, թե ինչու է սա լավ աֆղանստանյան եւ վատ՝ ռուսական փողերի համար»,- նրա խոսքերը մեջբերել է Financial Times-ը։
Նա ավելացրել է, որ հարցը, թե ինչպես պետք է վճարել Ուկրաինայի վերականգնման համար, կարեւորներից է՝ հաշվի առնելով «փողերի այն անհավանական գումարը», որն անհրաժեշտ է լինելու։