Արցախում առաջին անգամ կազմակերպվել են «QUEST» խաղեր
Մայիսի 8-ին «Զորաց ակումբ» հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ և ԱՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ Արցախում առաջին անգամ կազմակերպվել են «QUEST» խաղեր՝ նվիրված Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի կազմավորման 30-ամյակին։ Խաղերի մասնակիցներն Արցախի 20 ուսումնական հաստատությունների թիմերն էին՝ յուրաքանչյուր թիմում 5 աշակերտի ընդգրկմամբ, զինղեկի առաջնորդությամբ։ Խաղերի մեկնարկը տրվեց «Մենք ենք, մեր սարերը» հուշարձանի հարակից տարածքից՝ հանդիսավոր բացման արարողությամբ։
«Այսօր մեր երկիրը կանգնած է բարդ աշխարհաքաղաքական իրողությունների առաջ։ Մենք պիտի համախմբվենք, պիտի կարողանանք վերականգնել մեր պետականությունը։ Մեր ինքնության պահպանման համար անչափ կարևոր է դաստիարակել այնպիսի սերունդ, որն ունակ կլինի կերտելու փայլուն ապագա ու լուսավոր ճանապարհ»,- ողջույնի խոսքում նշեց ԱՀ ԿԳՄՍ նախարար Անահիտ Հակոբյանը։
ԱՀ ԿԳՄՍ նախարարության աշխատակազմի նախազորակոչային պատրաստության բաժնի վարիչ Դավիթ Օհանջանյանը ներկայացրեց խաղ-մրցույթի նպատակը․
«Թիմային ինտելեկտուալ այս խաղը կազմակերպվել է աշակերտների մեջ սերմանելու հայրենասիրություն, հայրենաճանաչություն, խնդիրներ լուծելու հմտություններ։ Ակնկալում ենք, որ մեր աշակերտները կսկսեն ավելի լավ տիրապետել Արցախի պատմությանը, նրա հերոսական անցյալին, կոգեշնչվեն ու կառաջնորդվեն Արցախի քաջարի որդիների սխրանքներով։» Խաղի կանոններն էլ մասնակիցներին ներկայացրեց ՀՀ-ից հրավիրված մասնագետ Միքայել Հովհաննիսյանը. «Խաղը կազմակերպվում է Ստեփանակերտ-Ասկերան բնագծով, ընդգրկում է 12 առաջադրանք՝ հանելուկների տեսքով։ Նկարագրված են պատմամշակութային արժեքներ, հուշարձաններ։ Մրցակից թիմերը պետք է գուշակեն՝ ինչի մասին է խոսքը, գտնեն այն, լուսանկարվեն և անցնեն հաջորդ առաջադրանքին: Հաղթող է ճանաչվում այն թիմը, որը կատարել է ավելի շատ առաջադրանքներ: 3 ժամ անց բոլոր թիմերը պետք է վերադառնան ելման կետ, որտեղ էլ կամփոփվեն արդյունքները։»
«QUEST» ինտելեկտուալ-շարժական խաղերն ավարտվեցին հետևյալ արդյունքներով՝ առաջին մրցանակային տեղը զբաղեցրել է Ստեփանակերտի համար 11 ավագ դպրոցի թիմը, երկրորդ տեղում Ասկերանի շրջանի Այգեստանի միջնակարգ դպրոցն է, իսկ երրորդը՝ Ստեփանակերտի համար 12 դպրոցի թիմը: Հաղթող թիմերը պարգևատրվեցին արժեքավոր նվերներով։