Բունդեսթագի նախագահը ժամանել է Կիև
Բունդեսթագի նախագահ Բերբել Բասը ժամանել է Կիև, որտեղ բանակցություններ կվարի Ուկրաինայի ղեկավարության հետ: Այս մասին Twitter-ում հայտնել է Գերմանիայի խորհրդարանի արձանագրության բաժնի ղեկավար Էնրիկո Բրիսսան։
«Բերբել Բասը սկսում է իր այցը Կիեւ։ Նա այսօր կհարգի Երկրորդ համաշխարհային պատերազմի և նացիոնալ-սոցիալիստների բռնապետության զոհերի հիշատակը և կանցկացնի քաղաքական բանակցություններ»,- գրել է նա։
Նրա տվյալներով ՝ Բունդեսթագի ղեկավարին արդեն ընդունել է Ուկրաինայի վարչապետ Դենիս Շմիգալը։
Բասը Կիեւ է այցելում Գերագույն Ռադայի նախագահ Ռուսլան Ստեֆանչուկի հրավերով։ Նրա այցի ծրագրում նշվում է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ հանդիպումը։
Ուկրաինայում ռազմական գործողությունների սկսվելուց ի վեր գերմանական ղեկավարությունից ոչ ոք չի այցելել այդ երկիր՝ ի տարբերություն այլ պետությունների ներկայացուցիչների։ Ապրիլի կեսերին Կիև պետք է մեկներ Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը, բայց ուկրաինական իշխանությունները չեղարկեցին ընդունելությունը՝ վկայակոչելով ՌԴ-ի հետ նրա իբր սերտ կապերը։ Դա քննադատության է արժանացել ԳԴՀ-ում, իսկ կանցլեր Օլաֆ Շոլցն ասել է, որ առայժմ չի պատրաստվում Կիև մեկնել հենց նախագահի հետ կապված պատմության պատճառով: Ինչպես սպասվում է, ամենամոտ ժամանակներս Ուկրաինա կայցելի Գերմանիայի ԱԳ նախարար Աննալենա Բերբոկը: