Սիդնեյի քաղաքային լողափերից մեկում հայտնաբերվել է թունավոր մեդուզաների նոր տեսակ
Թունավոր կուբոմեդուզաների նոր տեսակ է հայտնաբերվել Սիդնեյի քաղաքային լողափերից մեկում, տեղեկացրել է The Sydney Morning Herald թերթը։
Թերթի տվյալներով՝ գիտությանն անհայտ կուբոմեդուզաների տեսակը հայտնաբերվել է Սիդնեյի հարավարեւելյան Քրոնուլա լողափի մոտ։ Ծովում լողացողներից մեկը ափից 80 մետր հեռավորության վրա ջրում նկատել է վտանգավոր մեդուզաներին եւ մասնագետներ կանչել, որոնք որսացել են այդ անողնաշարավորներից մեկին։ «Սա զարմանալի գտածո է, իհարկե՝ այս մեդուզան այստեղ չպետք է գտնվեր»,- պարբերականը մեջբերել է ծովային կենսաբան, Ավստրալիայի մեդուզաների հարցերով խորհրդատվական ծառայության տնօրեն Լիզու-Էն Գերշվինը, որը նշել է, որ Սիդնեյում հայտնաբերված մեդուզան մահացու վտանգավոր ծովային կրետ չէ, որն ապրում է մայրցամաքի հյուսիսում, չնայած շատ նման է դրան։
Գերշվինը նաեւ նշել է, որ նոր տեսակը մանրակրկիտ ուսումնասիրության կարիք ունի, քանի որ Սիդնեյում հայտնաբերված կենդանին կարող է մինչ այժմ «գիտությանն անհայտ եղած լինել»։ «Կենդանին, հավանաբար, այն դասին է պատկանում, ինչ եւ մահացու թունավոր ծովային կրետը եւ իրուկանջին»,- ասել է կենսաբանը՝ նշելով, որ հայտնաբերված տեսակի շոշափուկները հարթ են եւ երկար, ինչը բնորոշ է թունավոր մեդուզաներին։
Ավստրալիայի՝ մեդուզաների միգրացիային հետեւող խորհրդատվական ծառայության (AMAS) տվյալներով՝ ծովային կրետի թույնից մահվան վերջին դեպքը մայրցամաքում գրանցվել է 2021թ. մարտի 4-ին։ Դիտարկումների սկսվելու պահից՝ 1883թ., կուբոմեդուզայի հետ շփումները դարձել են 80 մարդու մահվան պատճառ։
Կուբոմեդուզան Հյուսիսային Ավստրալիայի եւ Ինդոնեզիայի ափերի մոտ տարածված ծովային խայթողների տեսակ է։ Կենդանու շոշափուկները ծածկված են խայթիչ բջիջներով, որոնք բոլոր հայտնի թույներից ամենուժեղն են պարունակում։ Կուբոմեդուզայի խայթոցներն առաջ են բերում տանջալից ցավ, իսկ մեկ մեդուզայի շոշափուկներում պարունակվող թույնը բավական է, որպեսզի սպանի 60 մարդու երեք րոպեում։ Ծովային կրետը աշխարհում ամենաթունավոր եւ ամենավտանգավոր մեդուզան է։