Ժոզե Մոուրինյոն բացառիկ նվաճման է հասել
Ժոզե Մոուրինյոն բացառիկ նվաճման է հասել՝ հայտնում է Opta վիճակագրական ռեսուրսը: 59-ամյա պորտուգալացին դարձավ ֆուտբոլի պատմության առաջին մարզիչը, որն իր գլխավորած թիմերին դուրս է բերել եվրագավաթային 3 մրցաշարերի՝ Չեմպիոնների լիգայի, Եվրոպա լիգայի և Կոնֆերենցիաների լիգայի եզրափակիչ:
Դրանից բացի, Մոուրինյոն այդ նվաճմանը հասել է 4 տարբեր ակումբների հետ, ինչը նույնպես յուրահատուկ ձեռքբերում է։ Հատկանշական է նաև, որ Ժոզեն մինչև այժմ անցկացրած բոլոր եզրափակիչներում հաղթել է:
2002/2003 մրցաշրջանում «Պորտուն» Մոուրինյոյի գլխավորությամբ ՈՒԵՖԱ-ի գավաթի եզրափակիչում հաղթել է «Սելթիկին» (3:2), իսկ 1 տարի անց՝ Չեմպիոնների լիգայի վճռորոշ խաղում «Մոնակոյին» (3:0):
Ժոզեն Միլանի «Ինտերի» ղեկին 2010 թվականին Չեմպիոնների լիգայի եզրափակիչում հաղթել է Մյունխենի «Բավարիային» (2:0), իսկ 2017 թվականին՝ «Մանչեսթեր Յունայթեդի» հետ նվաճել Եվրոպա լիգայի գավաթը՝ կարևորագույն խաղում հաղթելով «Այաքսին» (2:0):
Կոնֆերենցիաների լիգայի եզրափակիչ խաղում «Ռոման» կմրցի Նիդեռլանդները ներկայացնող «Ֆեյենորդի» հետ։