Մեզ հիմա պետք են հայրենիքին ծառայել ցանկացող, իրենց անցած ճանապարհով վստահություն ներշնչող ղեկավարներ․ Սմբատ Լպուտյանը՝ Ֆրանսիայի հրապարակից
Ես այստեղ եմ՝ որպես զինվոր։ Տեսնելով մեր երկրին սպառնացող վտանգը՝ չեմ կարող անտարբեր մնալ։ Այս մասին Ֆրանսիայի հրապարակում «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասել է շախմատի Հայաստանի քառակի չեմպիոն, Հայաստանի շախմատի ակադեմիայի հիմնադիր-նախագահ Սմբատ Լպուտյանը։
«Ուրախ եմ, որ օրեցօր այստեղ շատանում են մարդիկ, ովքեր գիտակցում են, որ այս վիճակից դուրս գալու համար պետք է համախմբվենք։ Միևնույն ժամանակ, որպես հասարակություն, դեռ շատ անելիք ունենք ազգային գաղափարախոսություն ձևավորելու ճանապարհին»,-ասել է Լպուտյանը։
Ազգային համաձայնության կառավարության կազմում, որը, ինչպես օրեր առաջ համազգային հանրահավաքի ժամանակ հայտարարեցին ընդդիմության ներկայացուցիչները, Փաշինյանին հեռացնելուց հետո պետք է ձևավորվի, Սմբատ Լպուտյանի խորին համոզմամբ, բացառապես հայրենանվեր մարդիկ պետք է ընդգրկվեն։
«Կարծում եմ՝ մենք միշտ պետք է փորձենք գտնել այն մարդկանց, ովքեր իրոք ցանկանում են ծառայել երկրին, անցել են այնպիսի ճանապարհ, որ հավատ ու վստահություն են ներշնչում հասարակության մոտ։ Մեզ հիմա առաջնահերթ նվիրյալ, հայրենիք սիրող ղեկավարներ են պետք, որոնք օրինակ կծառայեն ժողովրդի համար»,-նշել է անվանի շախմատիստը։
Նկատենք, որ ապրիլի 17-ից մեկնարկած համազգային շարժումը համախմբել է Հայաստանի ու Արցախի ճակատագրով մտահոգ հազարավոր քաղաքացիների, ովքեր փողոցներ ու հրապարակներ են դուրս գալիս՝ անկախ այս կամ այն քաղաքական ուժին համակրել-չհամակրելուց։ Հայրենիքի փրկության գաղափարն այն առանցքն է, որ տարբեր նախասիրությունների ու հայացքների տեր մարդկանց՝ այդ թվում երբևէ փողոցային պայքարի չմասնակցած, իր շուրջն է համախմբել։