Մեխիկոյի շրջանում մեկ շաբաթվա ընթացքում երկրորդ անգամ բնապահպանական տագնապի ռեժիմ է մտցվել
Մեխիկոյի շրջանում մեկ շաբաթվա ընթացքում երկրորդ անգամ բնապահպանական տագնապի ռեժիմ է մտցվել։ Այս մասին հայտնել է Մեխիկոյի շրջակա միջավայրի հարցերով հանձնաժողովը, հաղորդում է ՏԱՍՍ-ը։
Բարձր ճնշման համակարգը կրկին զգալիորեն ակտիվացել է Մեքսիկայի հովտում, ինչը հանգեցրել է քամու թուլացման: «Այս գործոնների եւ արեւի ինտենսիվ ճառագայթման համակցությունը առաջացրել է օզոնի կոնցենտրացիայի ավելացում եւ օդի չափազանց ուժեղ աղտոտվածություն»,-ասվում է տեքստում։ Իշխանությունները կոչ են արել հանրությանը ցերեկային ժամերին չզբաղվել սպորտով եւ բացօթյա տարատեսակ միջոցառումներով, նվազագույնի հասցնել ավտոմոբիլային ճանապարհով ուղեւորությունների թիվը եւ նվազեցնել կենցաղային գազային տեխնիկայի օգտագործումը։
Բնապահպանական տագնապի տեւողության ընթացքում Մեխիկոյում եւ արվարձաններում գործում են ավտոտրանսպորտային միջոցների օգտագործման խիստ սահմանափակումներ: Այս ժամանակահատվածում արդյունաբերական ձեռնարկություններից պահանջվում է զգալիորեն նվազեցնել իրենց արտանետումները մթնոլորտ՝ տուգանքի սպառնալիքի ներքո։