Զելենսկին նույնքան պատասխանատու է պատերազմի համար, որքան Պուտինը․ Բրազիլիայի նախկին նախագահ
Բրազիլիայի նախկին նախագահ Լուլա Ինասիու դա Սիլվան TIME ամսագրին ասել է, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին եւ Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինը կիսում են Ուկրաինայում պատերազմի մեղքը։
«Եվ հիմա ես նստած դիտում եմ, թե ինչպես է Ուկրաինայի նախագահը խոսում հեռուստատեսությամբ, նրան ծափահարում են բոլոր [եվրոպացի] խորհրդարանականները»,- ասել է Դա Սիլվան։ «Այս տղան նույնքան պատասխանատու է պատերազմի համար, որքան Պուտինը։ Որովհետեւ պատերազմի համար մի մարդ չի մեղավոր»։
Նախագահի թեկնածու առաջադրվելու կապակցությամբ TIME-ին տված հարցազրույցում դա Սիլվան ասել է, որ Պուտինը չպետք է ներխուժեր Ուկրաինա, բայց մեղքը նաեւ ԱՄՆ-ի, ՆԱՏՕ-ի եւ Եվրամիության վրա է։ «Ո՞րն էր Ուկրաինա ներխուժման պատճառը։ ՆԱՏՕ՞-ն։ Այդ դեպքում ԱՄՆ-ն ու Եվրոպան պետք է ասեին. «Ուկրաինան չի անդամակցի ՆԱՏՕ-ին»։ Դրանով խնդիրը կլուծվեր»,- ասել է նա։ «Մեկ այլ հարց էր Ուկրաինայի անդամակցությունը ԵՄ-ին։ Եվրոպացիները կարող էին ասել. «Ոչ, հիմա ժամանակը չէ, որ Ուկրաինան միանա ԵՄ-ին, եկեք սպասենք»։ Նրանց պետք չէր խրախուսել առճակատումը»:
Դա Սիլվան Զելենսկու պահվածքը «մի փոքր տարօրինակ» է անվանել՝ վկայակոչելով Ուկրաինայի նախագահի հաճախակի ելույթները հեռուստատեսությամբ։ «Նա կարծես ներկայացման մաս է»,- ասել է նա: «Նա գտնվում է Մեծ Բրիտանիայի խորհրդարանում, Գերմանիայի խորհրդարանում, Ֆրանսիայի խորհրդարանում, Իտալիայի խորհրդարանում, կարծես քաղաքական քարոզարշավ է իրականացնում: Նա պետք է նստի բանակցությունների սեղանի շուրջ»։