Կորոնավիրուսից մահացածների թիվը 3 անգամ ավելին է պաշտոնական տվյալներից․ ԱՀԿ
Կորոնավիրուսի համավարակից գրեթե 3 անգամ ավելի շատ մարդ է մահացել, քան պաշտոնական թվերն են ցույց տալիս։ Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն իր նոր զեկույցում։ Ըստ ԱՀԿ-ի՝ 2021 թ.-ի վերջին աշխարհում գրեթե 15 միլիոնով ավելի մահ է գրանցվել՝ պայմանավորված կորոնավիրուսով։
Հաղորդվում է, որ կորոնավիրուսից մահվան դեպքերի պաշտոնական թիվը և ԱՀԿ-ին զեկուցված թիվը 2020 թվականի հունվարից մինչև 2021 թվականի դեկտեմբերի վերջը շուրջ 5,4 միլիոն է։
Մահացության լրացուցիչ թվերն արտացոլում են ինչպես կորոնավիրուսից մահացած մարդկանց թիվը, այնպես էլ այլ պատճառներով մահացածների, այդ թվում՝ մարդկանց, ովքեր զրկվել էին բժշկական օգնություն ստանալու հնարավորությունից՝ հիվանդանոցների ծանրաբեռնվածության պատճառով։ Բացի դրանից, ԱՀԿ-ն նշում է, որ մահացության թվերը բարձր են նաև այն պատճառով, որ որոշ երկրներում այդ թվերը ոչ միշտ էին արձանագրվում։
Ըստ կազմակերպության՝ չարձանագրված մահվան դեպքերի գրեթե կեսը Հնդկաստանում է: Ըստ զեկույցի՝ համավարակի պատճառով Հնդկաստանում մահացել է 4,7 միլիոն մարդ, մինչդեռ պաշտոնական տվյալներով այդ թիվը գրեթե 500 հազար է։