Ադրբեջանցի երիտասարդությունը բողոքում է բուհերում բռնակալության դեմ
«Ուսանողների ուժի կենտրոն» կազմակերպությունը հինգշաբթի բողոքի ցույց է կազմակերպել Ադրբեջանի կրթության նախարարության շենքի առջեւ։
Ինչպես տեղեկացրել է Turan-ը, երիտասարդները կրթության նախարարությանը մեղադրել են անգործության մեջ եւ «Դուք չայխանա չեք, գործի անցեք» պաստառ են պարզել։ Ուսանողները պահանջել են լուծել կրթության ոլորտի խնդիրները եւ վերացնել թերությունները։ Նրանք նաեւ բողոքել են ընդդեմ բուհերում գոյություն ունեցող «դեսպոտիայի», ուսանողներին արհամարհելու գործելակերպի։
Բողոքի ցույցի մասնակիցների հայտարարությունում նշվել է. «Ներկայում Ադրբեջանի համալսարաններում, եւ առհասարակ կրթության համակարգում, տիրում է բռնակալությունը։ Մենք կրթության նախարարությունից եւ պետությունից պահանջում ենք՝ ապահովել բուհերում անվճար ուսուցում, բարձրացնել կրթության որակը, լուծել ուսանողների խնդիրները, պատշաճ թոշակներ նշանակել»։
Առաջադրվել են նաեւ կարիքավորներին հանրակացարանով ապահովելու, բուլինգի փաստերը հետաքննելու, ուսանողներին քաղաքական, կրոնական հայացքների, սեռական պատկանելության եւ կողմնորոշման համար հետապնդելու փաստերին վերջ դնելու պահանջներ։
Բացի այդ, ընդվզողները պահանջել են մայրենի լեզվով ուսուցում դպրոցներում, ռեկտորների նոր ընտրություններ, պատասխանատվության ենթարկել բուհերում կաշառք վերցնողներին։
Բողոքի ցույցի մասնակիցները հայտարարել են, որ չնայած այս հարցերով բազմիցս դիմել են կրթության նախարարությանը, բայց ոչ մի միջոց չի ձեռնարկվել։
Ոստիկանության աշխատակիցները եւ կրթության նախարարության ներկայացուցիչը ընդվզողների ներկայացուցիչներին հրավիրել են գերատեսչություն։ Կրթության նախարարությունում մեկնաբանություններ ստանալ չի հաջողվել, նշել է աղբյուրը։