Էրդողանն օգտվեց Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջև միջնորդությունից
Անկարայի միջնորդությունը Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջեւ ճգնաժամում մեծացրեց Թուրքիայի՝ որպես միջնորդի նշանակությունը ՆԱՏՕ-ի երկրների աչքում, եւ նախագահ Էրդողանն օգտվեց այդ հնարավորությունից, ասվում է Financial Times-ի հոդվածում։
«Թուրքիան մեծացրեց իր դերը որպես միջնորդ ՆԱՏՕ-ի երկրների աչքում, եւ Էրդողանն օգտվեց այդ հնարավորությունից»,- ասվում է հոդվածում, որը թարգմանել է Sözcü թերթը։
Պարբերականը մեջբերել է ընդդիմության անանուն պաշտոնյայի խոսքերն այն մասին, որ եթե անցյալ տարի Թուրքիայում ընտրություններ անցկացվեին, ընդդիմությունը շանսեր կունենար, սակայն այժմ «դրա նկատմամբ վստահությունը մի փոքր նվազել է»։
«Ընդդիմության թեւի ամենամեծ մտահոգությունն այն է, որ Քըլըչդարօղլուն (Թուրքիայի ընդդիմության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն) առաջադրվելու է Էրդողանի դեմ եւ որ Էրդողանը նրան «ողջ-ողջ կուտի»։ Քըլըչդարօղլուն իսկապես ցանկանում է թեկնածու լինել: Չեմ կասկածում, որ նա լավագույն նախագահը կլինի, բայց հաղթելու հնարավորությունները շատ փոքր են»,- մեջբերում է թերթն ընդդիմության ներկայացուցչի խոսքերը։
Ով էլ ընտրվի որպես ընդդիմության թեկնածու, ստիպված կլինի դիմակայել խորամանկ եւ փորձառու քաղաքական գործչի, որը շարունակում է ամենապոպուլյար քաղաքական գործիչը մնալ երկրում՝ չնայած մարտին գրանցված 61 տոկոս գնաճին, ասել է նա:
Երկրում հերթական համընդհանուր ընտրությունները՝ ե՛ւ նախագահական, ե՛ւ խորհրդարանական, տեղի կունենան Թուրքիայում 2023 թվականի հունիսին։ Իշխող «Արդարություն եւ զարգացում» (ԱԶԿ) եւ «Ազգայնական շարժում» (ԱՇԿ) կուսակցություններն ավելի վաղ «Ժողովրդական դաշինք» էին ձեւավորել: Ավելի վաղ թուրք ազգայնականների ղեկավար Դեւլեթ Բահչելին հայտարարել էր, որ առաջիկա ընտրություններում Ժողովրդական դաշինքի թեկնածուն կլինի Թուրքիայի ներկայիս նախագահ Թայիփ Էրդողանը։
Ավելի վաղ ամենամեծ ընդդիմադիր ձախ կենտրոնամետ Ժողովրդահանրապետական կուսակցության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուի նախաձեռնությամբ վեց ընդդիմադիր կուսակցության առաջնորդների հանդիպումներ անցկացվեցին, որոնց մասնակցեց պահպանողական-ազգայնական «Լավ» կուսակցության ղեկավար Մերալ Աքշեները, աջ պահպանողական սուննի «Երջանկություն» կուսակցության նախագահ Թեմել Կարամոլլաօղլուն, քեմալական-պահպանողական դեմոկրատական կուսակցության ղեկավար Գյուլթեքին Ույսալը, լիբերալ «Ժողովրդավարություն եւ բեկման կուսակցության» առաջնորդ Ալի Բաբաջանը եւ Թուրքիայի նախկին վարչապետ, «Ապագա» կուսակցության ղեկավար Ահմեդ Դավութօղլուն: Հանդիպումից հետո Թուրքիայի ընդդիմադիր կուսակցությունների վեց առաջնորդներ հայտարարություն արեցին երկրի՝ «կառավարման ուժեղացված խորհրդարանական համակարգին» անցնելու մասին հուշագրի նախապատրաստման մասին։