Լուկաշենկոն Բելառուսի ԶԼՄ-ներին կոչ է արել տանուլ չտալ տեղեկատվական պատերազմում
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն դիմել է երկրի ԶԼՄ-ների աշխատակիցներին։ Նա խոսել է «տեղեկատվական պատերազմի» մասին եւ կոչ է արել «տանուլ չտալ նրանց, ովքեր մտադիր են վերացնել մեր պատմությունն ու մշակույթը»։ Այս խոսքերը մեջբերվել են Բելառուսի նախագահի կայքում։
Շնորհավորելով Մամուլի օրվա եւ Ռադիոյի, հեռուստատեսության եւ կապի աշխատակիցների օրվա առիթով՝ Լուկաշենկոն նշել է, որ աշխարհը եւ մարդը ավելի խոցելի են դարձել։ ԶԼՄ-ների աշխատակիցները, նախագահի կարծիքով, «տեղեկատվական ճակատի առաջնագծում են, որտեղ անզիջում մարտ է մղվում մարդկանց մտքերի ու հոգիների համար»։
«Մենք ոչ մի կերպ չենք կարող պարտվել նրանց, ովքեր մտադիր են վերացնել մեր պատմությունը եւ մշակույթը, եւ միաժամանակ՝ մեր պետությունն ու բելառուս ժողովրդին»,- ընդգծել է Լուկաշենկոն։ Նա հիշեցրել է ԶԼՄ-ների առաքելության մասին, այն է՝ մարդուն հասցնել «ճշմարտության կենարար խոսքը»։ Եզրափակելով՝ նա խաղաղ երկինք է ցանկացել։