Ի՞նչ հիվանդություններ են սպառնում COVID-19-ից ապաքինվածներին
Կորոնավիրուսից ապաքինված հիվանդների մոտ կարող է լյարդի բորբոքում, ինչպես նաեւ հեպատիտի զարգացում նկատվել, ասել են «Ռոսպոտրեբնադզոր»-ի գիտական ինստիտուտների փորձագետները։
Մասնագետների կարծիքով՝ ներքին օրգանների հետ կապված խնդիրներ առաջանում են այն մարդկանց մոտ, ովքեր COVID-19 են տարել նույնիսկ երկու տարի առաջ։ Թեեւ հիվանդության ամենատարածված հետեւանքները երիկամների եւ թոքերի աշխատանքի խանգարումն է, լյարդը տուժում է դեպքերի 20 տոկոսում, հաղորդում է «Իզվեստիա»-ն:
«Ռոսպոտրեբնադզոր»-ի Համաճարակաբանության եւ մանրէաբանության գիտահետազոտական ինստիտուտի գիտական կլինիկական ախտորոշման բաժնի ղեկավար Միխայիլ Զուբկինի խոսքով՝ այսօր ապացուցվել է, որ կորոնավիրուսը կարող է ազդել այս օրգանի վրա։ Լյարդը վնասվում է ցիտոկինային փոթորկի առաջացման ժամանակ բորբոքումից, ինչպես նաեւ թթվածնի պակասից։ Բացի այդ, COVID-19-ն ազդում է նաեւ հեպատիտի զարգացման վրա։
Ավելի վաղ Քեմբրիջի համալսարանի եւ Լոնդոնի Կայսերական քոլեջի մասնագետները հետազոտություն էին անցկացրել, որում նրանք կապ էին հայտնաբերել կորոնավիրուսի եւ ուղեղի առողջության միջեւ։ Նրանք եզրակացրել էին, որ COVID-19-ի ազդեցությունն այս օրգանի վրա համեմատելի է 20 տարով ծերացման հետ։