ԵՄ-ն կարգելի ռուսաստանցիներին անշարժ գույք գնել Եվրամիությունում
Եվրամիությունը պատժամիջոցների վեցերորդ փաթեթի շրջանակներում կարգելի ՌԴ քաղաքացիներին ԵՄ-ում անշարժ գույք գնել։ Սահմանափակումը կտարածվի ֆիզիկական եւ իրավաբանական անձանց վրա։ Ընդ որում, պատժամիջոցները չեն ազդի ԵՄ երկրներում կամ Շվեյցարիայում քաղաքացիություն կամ բնակության թույլտվություն ունեցող ռուսների վրա, գրում է Bloomberg-ը։
Ուկրաինայի վրա հարձակումից հետո Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցների վեցերորդ փաթեթի մասին մայիսի 4-ին հայտարարել էր Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայենը։ Սահմանափակումները, ի թիվս այլ կետերի, ռուսական նավթի արտահանման էմբարգո եւ SWIFT համակարգից «Սբերբանկ»-ի անջատում են ներառում։
Bloomberg-ի աղբյուրները հայտնում են նաեւ, որ ԵՄ-ն եվրոպական դատարաններին եւ ընկերություններին կառաջարկի աշխարհով մեկ ռուսական նավթի փոխադրման հետ կապված ծառայություններ մատուցել, այդ թվում՝ ապահովագրության ոլորտում։
Ընդ որում, Reuters գործակալության զրուցակիցները հայտնել են, որ ԵՄ երկրների մշտական ներկայացուցիչները մայիսի 4-ին կայացած հանդիպմանը չեն կարողացել վերջնական համաձայնության գալ Ռուսաստանից նավթի էմբարգոյի սահմանման շուրջ։ Մասնավորապես, Սլովակիան եւ Չեխիան հայտնել են, որ համաձայն են հրաժարվել ռուսական հումքից, սակայն հետաձգման կարիք ունեն: Հունաստանը, Մալթան եւ Կիպրոսը, ըստ Bloomberg-ի, եւս կասկածի տակ են դրել էմբարգոյի անհրաժեշտությունը։
Ուժի մեջ մտնելու համար պատժամիջոցները պետք է հաստատվեն ԵՄ բոլոր երկրների կողմից։