ԱՄՆ-ում հայտարարել են վերջին 10 տարվա ընթացքում տնտեսության վատթարագույն վիճակի մասին
ԱՄՆ-ի տնտեսությունը վերջին 10 տարվա ընթացքում վատթարագույն վիճակում է, ասվում է CNN-ի պատվերով SSRS-ի անցկացրած հարցման մեջ։
Հետազոտության համաձայն՝ ամերիկացիների միայն 23 տոկոսը դրական է վերաբերվում երկրի տնտեսությանը։ Վերջին անգամ երկրի տնտեսության վերաբերյալ հասարակական նման բացասական գնահատական գրանցվել էր 2012 թվականի հունվարին, երբ հարցված քաղաքացիների միայն 18 տոկոսն էր գոհունակություն հայտնել ստեղծված իրավիճակից։ Անցյալ տարվա դեկտեմբերին երկրի տնտեսական պայմանները դրական էր գնահատել հարցվածների 37 տոկոսը:
Քաղաքացիների մեծ մասը կարծում է, որ ԱՄՆ ներկայիս նախագահ Ջո Բայդենի քաղաքականությունը վնաս է հասցնում երկրի տնտեսությանը, տասը հարցվածներից ութը կարծում է, որ իշխանությունները բավարար քայլեր չեն ձեռնարկում գնաճի դեմ պայքարելու համար։
Հարցումն անցկացվել է ապրիլի 28-ից մայիսի 1-ը, դրան մասնակցել է 1007 ամերիկացի։