Գիտնականները 3D Print ձեռնոցներ են տպել ինսուլտ տարած հիվանդների վերականգնման համար
Հնդկական գիտության ինստիտուտի ֆիզիկայի բաժանմունքի գիտնականները փափուկ, կրելի սարք են մշակել՝ ինսուլտից վերականգնվող հիվանդների վերջույթների կամ մատների շարժումների որոշման համար, գրում է MedicalXpress-ը:
Կարգավորելի, 3D սարքով տպագրված ձեռնոցները կարող են կառավարվել հեռակա կարգով, ինչը հեռախորհրդատվության հնարավորություն է ստեղծում ֆիզիոթերապեւտների համար:
Հայտնագործությունն արած թիմի ղեկավար Ավիկ Բիդը բացատրել է, որ քանակական հետադարձ կապը, օրինակ՝ ճնշման միավորները, որը գործադրվում է գնդակը սեղմելիս, կամ ոտքի ծալման աստիճանը ծնկի տրավմայի դեպքում չափազանց կարեւոր է, որպեսզի բժիշկները կարողանան վերահսկել հիվանդի վիճակը նույնիսկ հեռավար:
Սարքի տեխնոլոգիան հիմնված է լույսի հիմնարար հատկությունների վրա՝ բեկում եւ արտացոլում: Լույսի աղբյուրը տեղադրված է թափանցիկ ռետինե նյութի մի ծայրին, իսկ լույսի դետեկտորը՝ մյուս ծայրին: Հիվանդի մատի կամ ձեռքի ցանկացած շարժում ճկուն նյութի դեֆորմացիա է առաջացնում։ Դեֆորմացիան փոխում է լույսի ուղին եւ հետեւաբար՝ դրա հատկությունները: Սարքը լույսի հատկությունների այդ փոփոխությունը քանակական միավորների է վերածում։ Քանի որ լույսն անցնում է սարքի ամբողջ երկարությամբ, հիվանդի մատի կամ ձեռքի ցանկացած մասի երկայնքով շարժումը կարող է ճշգրիտ չափվել:
Ըստ թիմի անդամ, ֆիզիկայի ամբիոնի պրոֆեսոր եւ նախագծի ղեկավար Աբհիջիտ Չանդրա Ռոյի՝ սարքը բավականաչափ զգայուն է՝ թիթեռի հպմանն արձագանքելու համար:
Բացի այդ, եթե գոյություն ունեցող սարքերը կարող են հայտնաբերել միայն մատների ծալումը, նոր սարքը կարող է չափել մատի յուրաքանչյուր հոդի ճկման աստիճանը, բացատրել է նա: