Ալիևը պնդում է, որ այսպես կոչված Զանգեզուրի միջանցքն «արդեն իրականություն է»
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը պնդում է, որ այսպես կոչված Զանգեզուրի միջանցքն «արդեն իրականություն է», հաղորդում են տեղական լրատվամիջոցները։
Նրա խոսքով, Զանգեզուրի միջանցքով երկաթուղու ադրբեջանական հատվածի շինարարությունը կավարտվի 2023 թվականին։ «Զանգեզուրի միջանցքն արդեն իրականություն է։ Ինչ վերաբերում է երկաթուղուն, ապա այս ուղղությամբ մեր կայարանը, որը ներկայումս վերջին երկաթուղային ենթակառուցվածքն է, Հորադիզն է։ Հորադիզից մինչեւ Աղբենդ (Հայաստանի հետ սահման) երկաթուղու շինարարությունն արդեն ընթացքի մեջ է, եւ համոզված եմ, որ հաջորդ տարի այն ամբողջությամբ կշահագործվի»։
Ալիեւն ասել է, որ «Զանգեզուրի միջանցքի շրջանակներում Զանգելանի շրջանով (Կովսական) անցնող երկաթուղին եւ ճանապարհը ապագայում ոչ միայն Ադրբեջանի հիմնական մասը կկապի Նախիջեւանի Ինքնավար Հանրապետության հետ, այլեւ կդառնա միջազգային բեռնափոխադրումների նոր ճանապարհ։
Նա նաեւ հայտարարել է, որ «Զանգելանի միջազգային օդանավակայանը» այս տարի շահագործման կհանձնվի։