ԱՄՆ-ից հում նավթի մատակարարումները Եվրոպա հասել են ամենաբարձր մակարդակին
Ապրիլին ԱՄՆ-ից Եվրոպա հում նավթի մատակարարումները հասել են ամենաբարձր մակարդակին այն բանից հետո, երբ Կոնգրեսը վեց տարի առաջ չեղարկել է նավթի արտահանման արգելքը։
Ըստ Bloomberg-ի տրամադրած տվյալների՝ անցած ամիս ԱՄՆ-ն Տեխասի եւ Լուիզիանայի խոշոր տերմինալներից Եվրոպա է մատակարարել 48,8 մլն բարել նավթ։
ԱՄՆ-ից Եվրոպա մատակարարումների աճը տեղի է ունենում այն պահին, երբ ԵՄ-ում գնորդները շարունակում են հրաժարվել Մոսկվայի հետ բիզնես վարելուց:
Միեւնույն ժամանակ, սպասվում է, որ ԵՄ-ն այս շաբաթ կհայտարարի ռուսական նավթի վրա փուլային էմբարգո սահմանելու ծրագրերի մասին։
ԵՄ-ն ավելի է մոտեցել էմբարգոյին այն բանից հետո, երբ Գերմանիան անցյալ շաբաթ հայտարարել է, որ այլեւս դեմ չէ նման մասշտաբային քայլին: Այնուամենայնիվ, Գերմանիայի փոխկանցլեր Ռոբերտ Հաբեքը հայտարարել է, որ էմբարգոն կվնասի եվրոպական տնտեսությանը: «Մենք ինքներս մեզ կվնասենք, դա պարզ է»,-ասել է նա, հաղորդում է Financial Times-ը:
Իր հերթին, Հունգարիան խոստովանել է ֆինանսական լարվածությունը, որը կարող է հասնել Եվրոպա, եւ բացահայտ կերպով դեմ է հանդես եկել նավթի էմբարգոյին։