Ամեն օր բավարար քանակությամբ սնունդ չստացող մարդկանց թիվը հասել է ռեկորդային մակարդակի
Մարդկանց թիվը, որոնք ամեն օր բավարար սնունդ չեն ստանում, հասել է ռեկորդային մակարդակի անցյալ տարի եւ պատրաստվում է հասնել «սարսափելի» նոր մակարդակի, քանի որ Ուկրաինայում պատերազմն ազդում է սննդի համաշխարհային արտադրության վրա, հայտարարել է ՄԱԿ-ը:
2021 թվականին մոտ 193 միլիոն մարդ 53 երկրներում տուժել է պարենի սուր անբավարարությունից այն պատճառով, ինչը ՄԱԿ-ն անվանել է կոնֆլիկտների «թունավոր եռակի կոմբինացիա», էքստրեմալ եղանակային պայմաններ եւ կորոնավիրուսային համավարակի տնտեսական հետեւանքներ:
Անցյալ տարի օրական բավարար սնունդ չստացած մարդկանց ընդհանուր թիվն ավելացել է 40 միլիոնով, ինչը հաստատում է մի քանի տարիների ընթացքում տարեկան աճի «մտահոգիչ միտումը»։
Պարենային ճգնաժամի մասին գլոբալ զեկույցի համաձայն՝ երկարատեւ հակամարտությունների մեջ գտնվող երկրներում, ներառյալ Աֆղանստանում, Կոնգոյում, Եթովպիայում, Նիգերիայում, Հարավային Սուդանում, Սիրիայում եւ Եմենում, պարենային անվտանգության բացակայւությունից տառապող ամենաշատ մարդիկ են ապրում։
Զեկույցում կանխատեսվում է, որ 2022 թվականին Սոմալին կբախվի աշխարհի ամենալուրջ պարենային ճգնաժամերից մեկին՝ երկարատեւ երաշտի, պարենային ապրանքների գների աճի եւ անդադար բռնությունների պատճառով։ ՄԱԿ-ը հայտարարել է, որ տարբեր գործոններ կարող են հանգեցնել սննդի սուր ճգնաժամի 6 միլիոն սոմալեցիների համար:
Ուկրաինայի պատերազմը լրացուցիչ ռիսկեր է ստեղծում Սոմալիի եւ աֆրիկյան շատ այլ երկրների համար։
Զեկույցը կոչ է անում ավելի շատ ներդրումներ կատարել գյուղատնտեսության մեջ եւ 1,5 միլիարդ դոլար հատկացնել ռիսկային շրջանների ֆերմերներին ցանքի գալիք սեզոնին օգնելու համար, որպեսզի տեղական սննդի արտադրությունը կայունացվի եւ ավելացվի: