Անհեթեթություն է, ես թիկնապահ չունեմ, իմ ընկերներն են ուղղակի. Լևոն Քոչարյան
Իմ շատ ընկերներ, համախոհներ, նույնիկս մարդիկ, որոնց ես չեմ ճանաչում, աջակցության նամակներ են գրել, զանգեր արել՝ իրենց պատրաստակամությունը հայտնելով միանալ մեր պայքարին: Այս մասին այսօր մայիսի 4-ին, անհնազանդության երթի ժամանակ նշեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Լևոն Քոչարյանը։
Նշենք, որ նա անհնազանդության ակցիայի մասնակիցների հետ երթով Նոր-Նորքից քայլելով շարժվում է դեպի Կենտրոն։
Հարցին, թե արդյոք ինքն էլ այն կարծիքն է, որ ոստիկանական գործողություններն ավելի են մեծացնում պայաքրողների թիվը, Լևոն Քոչարյանը դրական պատասխան տվեց՝ նշելով, որ ոստիկանները փորձում են վախի մթնոլորտ սերմանել՝ բիրտ ուժ կիրառելով, բերման ենթարկելով ճնշել համաժողովրդական շարժումը։
«Սակայն տեսնում ենք, որ դա հակառակ էֆեկտն է ունենում։ Տեսնում եք քաղաքացիները ինչպես են ողջունում բոլորիս, սա հնարավոր չէ կանգնեցնել, հակառակը՝ իրենց այդ բոլոր ապօրինի գործողությունները միայն ավելացնելու են պայքարողների թիվը»,-ընդգծեց նա։
Դիտարկանը, թե, ըստ իշխանական պատգամավորների, իրենց համար դժվար կլինի ժողովրդի աջակցությունը ստանալ, Լևոն Քոչարյանն ասաց, որ բնական է, նրանք այդպես պետք է նշեն, քանի որ դրանով նաև իրենց համախոհներին են փորձում հանգստացնել։
Նա հերքեց լուրերը, թե թիկնապահների հետ է երեկ մասնակցել ակցիայի. «Դա անհեթեթություն է, ինձ քիչ, թե շատ ճանաչող մարդիկ գիտեն, որ ես թիկնապահ չունեմ: Իմ ընկերներն են ուղղակի: Եթե ինչ-որ մեկը սպորտային կազմվածք ունի, ուզում են դա մտցնել մարդկանց մեջ»: