Երեխաների թիվը Ճապոնիայում կրճատվել է՝ հասնելով ռեկորդային ցածր մակարդակի
Ճապոնիայում երեխաների թիվը կրճատվել է՝ հասնելով ռեկորդային՝ ամենացածր թվի 1950-ից ի վեր, երբ սկսել են նման վիճակագրություն կազմել։ Ապրիլի 1-ի դրությամբ երկրում հաշվվում է մինչեւ 14 տարեկան 14,65 մլն աղջիկ եւ տղա՝ 250 հազարով պակաս, քան մեկ տարի առաջ, նշվել է չորեքշաբթի վարչական գործերի եւ հաղորդակցությունների նախարարության տարածած զեկույցում։ Այն զուգադիպել է մայիսի 5-ին նշվող պետական տոնին՝ Երեխաների օրվան։
Երկրի մինչև 14 տարեկան երեխաները կազմում են երկրի բնակչության 11,7 տոկոսը։ Ճապոնիան այս ցուցանիշով զբաղեցնում է ամենացածր տեղը ավելի քան 40 մլն բնակչություն ունեցող 35 երկրների շարքում։
Երեխաների թիվը երկրում անշեղորեն կրճատվում է 1982-ից։ Ծնելիությունն ավելի է նվազել վերջին տարիներին՝ կապված համավարակի հետ։
Ճապոնիայի բնակչությունը, ներառյալ երկրում մշտական հիմքով ապրող օտարերկրացիները, 2020թ. հոկտեմբերից 2021թ. հոկտեմբեր ընկած ժամանակահատվածում կրճատվել է 644 հազար մարդով՝ հասնելով 125,5 միլիոնի։ Այս գործընթացը նկատվել է տարիքային բոլոր կարգերում՝ տարեցներից բացի։ 65-ից բարձր տարիքի տղամարդկանց եւ կանանց թիվը մեկ տարում ավելացել է մոտ 190 հազարով՝ 36,2 մլն։ Դա Ճապոնիայի բնակչության ընդհանուր թվի մոտավորապես 29 տոկոսն է։