Անհնազանդության բողոքի ակցիաներ Երեւանում. երթեւեկությունը կաթվածահար է (Տեսանյութ)
Այսօր՝ մայիսի 4-ի առավոտից կրկին Երեւանում սկսվել են անհնազանդության ակցիաները, փակվել են մի շարք փողոցներ: Մասնավորապես, փակ է Կիեւյան կամուրջը, Բաղրամյան-Օրբելի խաչմերուկը:
Կիեւյան կամուրջը փակվել է բետոնախառնիչ, բեռնատար մեքենաներով: Քիչ անց այստեղ եկան սև ու կարմիր բերետներով ոստիկաններ, որոնք անմիջապես սկսեցին բերման ենթարկել ակցիայի մասնակիցներին:
Ակցիայի մասնակիցներն օգտվելով առիթից միկրոավտոբուսն օգտագործեցին որպես հարթակ ու սկսեցին վանկարկել «առանց Նիկոլ Հայաստան»։
Ակցիայի մասնակից կանանցից մեկը՝ արձագանքելով ոստիկանների բառամթերքին ու խոսելու ձևին, ասաց. « «Խոռոշի ե՞ք դարձել, դուք ոստիկա՞ն եք, թե՞ խուժան»։
Կիևյան կամուրջը դեռեւս փակ է, քանի որ բետոնախառնիչ մեքենան չեն կարողանում տեղաշարժել:
Նշենք, որ այսօր վաղ առավոտից քաղաքացիները կրկին կաթվածահար են արել մայրաքաղաքի մի շարք փողոցներ։ Ոստիկանները ակցիայի մասնակիցներին բերման են ենթարկում՝ բռնի ուժ կիրառելով։ Նախօրեին ճանապարհներ են փակվել նաեւ մարզերում, մասնավորապես, փակվել է Սեւան-Երեւան, Վանաձոր-Երեւան, Գյումրի-Երեւան, նաեւ Գորիսից Երեւան եկող ճանապարհները:
Ավելի վաղ հայտնել էինք, որ մայիսի 2-ից խաղաղ անհնազանդության ակցիաներ են սկսվել Երևանում, փակվել են մի շարք փողոցներ: Մարտի 2-ից Երևանի Ֆրանսիայի հրապարակում հանրահավաքներ են իրականացվում։
Երեկվա հանրահավաքում ՀՅԴ ԳՄ անդամ, ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը հայտարարեց, մայիսի 4-ին վաղ առավոտից շարունակվում են բողոքի ակցիաները, որոնք կշարունակվեն մինչև ժամը 14։00-ն։ Այնուհետև ժամը 15․30-ին նախատեսված է հանրահավաք Ֆրանսիայի հրապարակում։