Թանգարանի սրահներից մեկում հայտնվել է հղի Ռիհաննայի արձանը
Met Gala ամենամյա միջոցառման կապակցությամբ, որը տեղի է ունեցել մայիսի 3-ի գիշերը, Մետրոպոլիտեն արվեստի թանգարանի (Նյու Յորք, ԱՄՆ) սրահներից մեկում հայտնվել է հղի Ռիհաննայի արձանը։ Համացանցում տեղադրվել է 30 վայրկյան տևողությամբ տեսանյութ, որում երևում է երգչուհու մարմարե կերպարանքը՝ ողջ հասակով մեկ։
Արձանի կեցվածքը, վրայի հագուստը հիշեցնում է Vogue ամսագրի մայիսյան համարի շապիկը, որի հերոսուհին 34-ամյա երգչուհին էր։ Այդ ժամանակ լուսանկարիչ Էննի Լեյբովիցի համար երգչուհին կեցվածք էր ընդունել «մերկ» նարնջագույն կոմբինեզոնով՝ Alaïa-ից ժանյակային պրինտով:
Ռիհաննան, ով սպասում է իր առաջնեկին, այս տարի չներկայացավ Met Gala-ին (2022-ին միջոցառման թեման էր «Ոսկեզօծ դարը»՝ ԱՄՆ պատմության վառ շրջան, որը տևել է 1870-ականներից մինչև 1890-ականները):
Երգչուհին, սակայն, սոցցանցում մեկնաբանել է իր պատվին ստեղծված քանդակը. «Սրանից ավելի ոսկեզօծ ի՞նչ կարող է լինել: Հրաշալի է»: Նա նաեւ շնորհակալություն է հայտնել Մետրոպոլիտեն արվեստի թանգարանին և Vogue ամսագրին` «պատմական հարգանքի տուրքի» համար։