Այսօր՝ ժամը 19։00-ին հանրահավաք Ֆրանսիայի հրապարակում՝ վաղվա աշխատանքը պլանավորելու․ Իշխան Սաղաթելյան
Այսօր՝ ժամը 19։00-ին հանրահավաք Ֆրանսիայի հրապարակում՝ օրվա աշխատանքը ամփոփելու և վաղվա աշխատանքները պլանավորելու: Այս մասին Facebook-ի իր ուղիղ եթերում հայտարարեց ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը:
Նա Ֆրանսիայի հրապարակ է վերադարձել դիմադրության երթի ուղղություններից մեկը գլխավորելով՝ մայրաքաղաքի փողոցներում ու բուհերում անհնազանդության ակցիաներ իրականացնելուց հետո։
Իշխան Սաղաթելյանն արձանագրեց, որ մայրաքաղաքում փակված փողոցներից զատ փակ են նաև մարզային մայրուղիները։
«Այս պահին փակ են Սևան-Երևան մայրուղին, Սպիտակ, Ալավերդի, Ապարան, Մասիս, Գյումրի․․․ Հայաստանի գրեթե բոլոր մարզերում արժանապատիվ մեր հայրենակիցները դուրս են եկել փողոց՝ ցույց տալով, որ Նիկոլն այլևս անելիք չունի Հայաստանում և պետք է հեռանա»,-ասաց Իշխան Սաղաթելյանը։
Նա նաև փաստեց, որ դասադուլը շարունակվում է՝ ԵՊՀ-ում 80 տոկոսով կա դասադուլ։
«Կոչ եմ անում վաղվանից աշակերտներին էլ դպրոց չուղարկել, որքան շատ դուրս գանք՝ այնքան արագ կլուծենք սրանց հարցերը»,-հայտարարեց Իշխան Սաղաթելյանը։
Նա նաև տեղեկացրեց, որ 200-ից ավելի բերման ենթարկվածներ կան․ «Որքան շատ են բերման ենթարկում, այնքան մեր թիվն ավելանում է»։
Նշենք, որ «Դիմադրություն» շարժման կոչով մասշտաբային անհնազանդության ակցիաներ են տեղի ունենում ամբողջ հանրապետությունում։ Երթևեկությունը կաթվածահար է։ Ֆրանսիայի հրապարակում արդեն երկրորդ գիշերը վրաններում են անցկացնում Փաշինյանին ապազգային կառավարման դեմ դուրս եկած արժանապատիվ քաղաքացիները։