ԱՄՆ-ի գերագույն դատարանը կարող է չեղարկել հղիության ընդհատման իրավունքների մասին որոշումը
ԱՄՆ-ի գերագույն դատարանը կարող է չեղարկել մոտ 50 տարի առաջ կայացված որոշումը, որի համաձայն՝ դաշնային իշխանությունները երաշխավորում են հղիության ընդհատման իրավունքները, տեղեկացրել է Politico ամերիկյան թերթը։
Թերթի լրագրողները ծանոթացել են փաստաթղթի սեւագիր տարբերակին, որում ներկայացված են գերագույն դատարանի անդամների կարծիքները հօգուտ 1973թ. այդ որոշումը չեղարկելու։ Նշվել է, որ հնարավոր է նաեւ կրկնակի քվեարկություն, որի արդյունքն այլ կլինի։ Վերջնական որոշում դեռ չի կայացվել։ Փետրվարով թվագրված փաստաթղթի իսկության որեւէ պաշտոնական հավաստում առայժմ չի ստացվել։
Պարբերականը նշել է, որ ԱՄՆ-ի գերագույն դատարանը կարող է իր դիրքորոշումը պարզաբանել հաջորդ երկու ամսվա ընթացքում։ Թերթի գնահատմամբ, եթե նշված որոշման չեղարկումը հաստատվի, նշանակում է՝ երկրի դաշնային օրենքներն այլեւս չեն երաշխավորի հղիության ընդհատման իրավունքները։ Համապատասխան նորմերը մշակվելու են ամերիկյան առանձին նահանգների մակարդակով։ Դրանց մի մասում, որտեղ իշխանությունը հանրապետականներինն է, ավելի վաղ փորձել են զգալիորեն խստացնել հղիության ընդհատումներին վերաբերող նորմերը։ Դրա դեմ սովորաբար հանդես են գալիս դեմոկրատները։
Ամերիկյան ԶԼՄ-ները փաստել են, որ ԱՄՆ-ի գերագույն դատարանում ներքին քննարկումներին վերաբերող արտահոսք խիստ հազվադեպ է լինում։ Փաստաթղթի սեւագրի համապատասխան հրապարակումը, հավանաբար, սուր ներքաղաքական վեճեր կառաջացնի երկրում։