Պատերազմում հաշմանդամ դարձած տղաները փակել են Մյասնիկյան պողոտայից Աբովյան պուրակ տանող հատվածը
Պատերազմի ընթացքում հաշմանդամ դարձած տղաները փակել են Մյասնիկյան պողոտայից Աբովյան պուրակ տանող հատվածը:
Վարորդներից մեկը նրանց կոչ էր անում բացել փողոցը՝ նշելով, որ ով ցանկություն ունենար միանալ պայքարին, մինչեւ հիմա միացած կլիներ: Տղաներից մեկն ասաց. «Պետք չի մեզ ուղղություն ցուց տաս»: Նրանց միջեւ վեճ ծագեց: «Գնա մեքենադ նստի»,-ասաց վարորդը, ինչին վերջինս արձագանքեց. «Դու էլ գնա Ղարաբաղ»:
Սա հունից հանեց սայլակով հաշմանդամ քաղաքացիներին: Նրանք ոստիկաններին կոչ արեցին հեռացնել սադրանք իրականացնողներին:
Նշենք, որ վաղ առավոտից «Դիմադրության շարժման մասնակիցները կաթվածահար են արել մայրաքաղաքի մի շարք փողոցներ։ Ոստիկանները ակցիայի մասնակիցներին բերման են ենթարկում՝ բռնի ուժ կիրառելով։
Ավելի վաղ հայտնել էինք, որ մայիսի 2-ից խաղաղ անհնազանդության ակցիաներ են սկսվել Երեւանում, փակվել են մի շարք փողոցներ:
Մայիսի 1-ի երեկոյան հանրահավաքից հետո ընդդիմադիր ուժերը վրաններ էին տեղադրել եւ գիշերը մնացել Ֆրանսիայի հրապարակում։ ԱԺ փոխխոսնակ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը հանրահավաքի ընթացքում հայտարարել է, որ այսօրվանից անհնազանդության խաղաղ գործողություններ են սկսվելու ամբողջ հանրապետությունով մեկ․ փակվելու են հատկապես մայրաքաղաքի կենտրոնական փողոցները։