2022թ. մամուլի ազատության համաշխարհային ինդեքսը. Լրագրությունը Հայաստանում որպես մասնագիտություն նսեմացվում է
«Թղթակիցներ առանց սահմանների» (RSF) կազմակերպությունը ներկայացրել է 2022թ. Մամուլի ազատության ամենամյա ինդեքսը, որում գնահատվում է լրագրության վիճակը 180 երկրներում։ Հայաստանը զբաղեցնում է 51-րդ տեղը (2021-ին՝ 63-րդ)։
Չնայած բազմակարծության միջավայրին՝ ԶԼՄ-ները Հայաստանում բեւեռացված են մնում։ Երկիրը բախվում է ապատեղեկավության եւ ատելության հրահրման աննախադեպ մակարդակի, հատկապես Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ Լեռնային Ղարաբաղի հարցում տարածքային վեճի առումով։
Հայաստանում նորությունների հիմնական աղբյուրները սոցիալական ցանցերն են, որոնցից ամեն օր օգտվում է բնակչության երկու երրորդը։ 2018թ. «թավշյա հեղափոխությունից» հետո մեդիալանդշաֆտը մեծացել է։ Ավելացել են անկախ լրատվական ինտերնետ-կայքերը։ Այնուամենայնիվ, հեռարձակող եւ տպագրվող ԶԼՄ-ների մեծ մասը, կապված լինելով խոշոր քաղաքական եւ կոմերցիոն շահերի հետ, շարունակում է հանդիպել ճնշման՝ իր խմբագրական քաղաքականության պատճառով։
ԶԼՄ-ների բեւեռացումը քաղաքական դաշտի բեւեռացման արտացոլումն է. ԶԼՄ-ների մեծ մասը մոտ է քաղաքական ղեկավարներին, որոնք ի հայտ են եկել 2018-ից հետո, այն դեպքում, երբ մյուսները հավատարիմ են մնում հին օլիգարխներին։ Միայն մի խումբ ԶԼՄ-ներ են անկախություն դրսեւորում։ 2020 թվականից քաղաքական երկու թեմա հատկապես զգայուն է դարձել՝ պատերազմը Լեռնային Ղարաբաղում եւ պայքարը համավարակի դեմ։ Որոշ քաղաքական խմբեր ապատեղեկատվական գործողություն են վարում եւ հարձակվում են լրագրողների վրա։
Հատվածի իրավական բազան բավարար չափով չի պաշտպանում մամուլի ազատությունը եւ չի համապատասխանում եվրոպական չափորոշիչներին։ Վերջին բարեփոխումները ապատեղեկատվության եւ տեղեկությունը չհրապարակելու հրամանների հետ կապված խնդիրը չեն լուծել։ Ընդհակառակը, զրպարտության քրեականացումը, որի տուգանքի չափը եռակի ավելացել է, լուրջ սպառնալիք է լրագրողների համար։ Հանրային տեղեկատվության հասանելիությունը կառավարության կողմից սահմանափակված է (հրաժարվում են պատասխանել, ուշացնում են պատասխանները եւ այլն)։
ԶԼՄ-ների մեծ մասը վերահսկվում է քաղաքական շարժումներին մոտ կանգնած մարդկանց կամ ազդեցիկ հասարակական գործիչների կողմից։ Քիչ թվով ԶԼՄ-ներ անցել են վճարովի բաժանորդագրության մոդելին, իսկ գովազդի շուկան բավականաչափ զարգացած չէ, ինչը սահմանափակում է մասնավոր ԶԼՄ-ների ֆինանսական անկախությունը։ Պետական ԶԼՄ-ները հեռու են մնում կառավարության ցանկացած քննադատությունից։ ԶԼՄ-ներ տնօրինելու թափանցիկությունը երաշխավորող իրավական նոր բազայի ներդրումը դեռ չի սկսվել։
Լրագրությունը որպես մասնագիտություն նվաստացվում է եւ ենթարկվում ատելության հատկապես տագնապալի հրահրման։ Հակամեդիական հռետորաբանությունը քաղաքական էլիտաների կողմից, որոնք լրագրողներին մեղադրում են «կոռուպցիայի» եւ այն բանի մեջ, որ նրանք ծառայում են իրենց հակառակորդներին, ստեղծում է անհանդուրժողականության մթնոլորտ, որը խոչընդոտում է լրագրողների աշխատանքին։ Նրանք մշտապես ենթարկվում են վիրավորանքների, հարձակումների եւ դաժան հետապնդումների զրպարտության համար, ինչն ուժեղացնում է ինքնագրաքննությունը։
2021 թվականը դժվար էր ԶԼՄ-ների եւ լրագրողների համար Լեռնային Ղարաբաղում պատերազմի, նախատեսված ընտրությունների եւ համավարակի պատճառով։ Նախարարի հարձակումը ընդդիմադիր պարբերականի լրագրողի վրա, որին հաջորդել են բազմամսյա հետաքննությունները, որոնք ավարտվեցին դատարանի կողմից նախարարի մեղքը չընդունելով, լուրջ խոչընդոտ է մամուլի ազատության ճանապարհին։ Ընդհանուր առմամբ, բռնությունը լրագրողների նկատմամբ մնում է անպատիժ։