Կիպրոսը ԵՄ-ում առաջինն է, որտեղ 5G-ն հասանելի է երկրի ամբողջ տարածքում
Կիպրոսի Հանրապետությունը Եվրամիության առաջին երկիրն է, որին հաջողվել է իր տարածքն ամբողջովին ապահովել 5G ցանցով։ Այս մասին երկուշաբթի տեղեկացրել է CYTA (Cyprus Telecommunication Authority) հեռահաղորդակցային ընկերությունը։
«[5G] տեխնոլոգիան եւ դրա առավելություններն այժմ հասանելի են ամբողջ Կիպրոսում, անգամ ամենահեռավոր շրջաններում»,- ասել է ընկերության գլխավոր տնօրեն Անդրեաս Նեոկլեուսը այն բանից հետո, երբ այս ձեւաչափի ցանցը հասցվել է դրանով չապահովված ամենահեռավոր բնակավայր՝ Սիկոպետրա գյուղ, որը գտնվում է Լիմասոլ, Նիկոսիա եւ Լառնակա շրջանների սահմանին։ CYTA-ի նախագահ Միխալիս Իոանիդիսն իր հերթին ընդգծել է, որ «սա ձեռքբերում է, որին առայժմ չի հասել ԵՄ-ի որեւէ այլ երկիր»։
Կիպրոսի գիտահետազոտական եւ նորարարական գործունեության, ինչպես նաեւ թվային քաղաքականության պետական կոմիտեի նախագահ Կիրիակոս Կոկինոսն ասել է, որ «ցանցերի եւ սպասարկումների հասանելիությունը Կիպրոսի յուրաքանչյուր անկյունում նպաստելու է երկրի եւ նրա բնակչության թվային հասունության բարձրացմանը, ինչպես նաեւ նրա տնտեսության կայունության պաշտպանությանը»։
Cytamobile-Vodafone 5G ստանդարտով կապի առաջին ցանցը, որը թույլ է տալիս ապահովել մեկ վայրկյանում թրաֆիկի 1 գիգաբիթ արագություն՝ միաժամանակ հազարավոր սարքերի միանալու հնարավորությամբ, Կիպրոսում սկսել է տարածվել 2021թ. փետրվարի 1-ից։