Որ ո՛չ շարժումը տուժի, ո՛չ էլ դասերը. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է. «Փաստ» թերթի տեղեկություններով, վերջին երկու օրերին իշխանության վերին օղակներից զանգահարում են բոլոր կրթական հաստատությունների ղեկավարներին ու խստիվ արգելում, որ ոլորտի ներկայացուցիչները որևէ միտինգի մասնակցեն: Ու չնայած մի քանի բուհեր շտապեցին հայտարարել, թե իբր դասերն ընթանում են բնականոն հունով, այդուամենայնիվ, դասախոսներից և ուսանողներից շատերը միացել են դիմադրության շարժմանը, ինչի մասին էին վկայում բուհերի դատարկ լսարանները: Մենք օրվա ընթացքում տեղեկություններ էինք նաև ստանում, որ բազմաթիվ դասախոսներ պայմանավորվել են ուսանողների հետ՝ հեռավար անցկացնել դասերը, որպեսզի ո՛չ շարժումը տուժի, ո՛չ էլ դասերը:
Ի դեպ, երեկ հայտարարություն տարածեցին տարբեր բուհերի դասախոսներ՝ խստորեն դատապարտելով ոստիկանության աշխատակիցների կողմից ուսանողների նկատմամբ դրսևորվող բռնությունները։ «Մասնակցելով խաղաղ ցույցերին՝ ուսանողությունը պայքարում է հանուն բոլորիս արժանապատիվ ապագայի, հանուն կայուն ու անվտանգ Հայաստանի՝ էական ներդրում անելով Հայաստանում ազգակենտրոն քաղաքացիական մշակույթի զարգացմանը»,-նշված է հայտարարության մեջ: Երեկ օրվա ավարտին հայտարարությանը միացել էին հարյուրից ավելի դասախոսներ»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: